ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 2021-ի օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ՝ ղեկավարվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021-ի օգոստոսի 18-ի N 1356-Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման եւ վերապատրաստման նպատակով:
Հավաքների մասնակիցները, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաեւ մարտական հերթապահության։
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից երեք ամիս ժամկետով կներգրավվի ընդհանուր մինչեւ 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից եւ սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը։
Հավաքների յուրաքանչյուր ամսվա համար նրանք կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից եւ մի շարք այլ գործոններից։
Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետեւանքներ: