Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձում նշել է, որ բարձր է գնահատում նաեւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանի ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում:
Սերգեյ Լավրովը միեւնույն ժամանակ նշել է, որ ակնկալում է երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի եւ Երեւանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում եւս կնպաստեն երկկողմ հարաբերությունների դաշնակցային ոգու եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: