Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ներկայացրել է Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման խնդիրը։
Պատգամավորն ընդգծել է, որ Անկարայի Սինջան շրջանի հայկական Սուրբ Փրկիչ եւ Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության մի մասն է եւ 90-ականներին հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:
Մինչդեռ այն թալանի նպատակով շարունակ ավերվում է, ինչը խորապես վիրավորում է Թուրքիայի հայ համայնքին։
Հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին՝ Փայլանը նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են նաեւ հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ եւ ցաքուցրիվ արել մարդկանց ոսկորները:
Փայլանը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին հարց է ուղղել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում հայկական գերեզմանոցների պահպանության եւ հանցագործներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորությանբ տեղակայված եւ պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք հայտարարված գերեզմանատունն առաջին անգամ չէ, որ թալանվում է ու ավերվում։
Տարածքի մի մասն էլ տեղացիները որպես զբոսախնջույքի վայր են օգտագործում։
Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերը պոկել եւ գերեզմանոցից հող են խլել հովտում կառուցված առանձնատների տերերը։ Այժմ տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։