Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին պատմող war.karabakhrecords.info հարթակը հայտնել է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021-ի հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:
«Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երեւում է ե՛ւ մարշալի կիսանդրին, ե՛ւ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված»,- նշված է կայքում:
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւս հայտնել է Մեծ Թաղերում՝ Արմենակ Խամփերյանցի հուշարձանի, իսկ Հադրութի Ազոխ գյուղում խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի եւ ծովակալ Հովհաննես Իսակովի արձանների ոչնչացման մասին: