Սիսիանի զոհվածների քաղաքային պանթեոնում շարունակվում են պատերազմի զոհերի հուղարկավորությունները: Ընդամենն օրեր առաջ այնտեղ ամփոփեցին պատերազմի ավարտից ինն ամիս հետո գտնված հերթական մարմինը:
44-օրյա պատերազմում զոհված 66 հոգի է հուղարկավորված Սիսիանի պանթեոնում: Արցախյան առաջին պատերազմում Սիսիանը 112 զոհ է տվել, քառօրյայում՝ ինը, 2020-ի տավուշյան մարտերում՝ մեկ, կան նաեւ մեկ տասնյակ անհայտ կորած սիսիանցիներ: Թե՛ այս, թե՛ Արցախյան առաջին պատերազմի սիսիանցի բոլոր զոհերը չեն, որ պանթեոնում են, նրանց մի մասը գյուղերում, ընտանեկան գերեզմանոցներում է։ Շրջանի այլ վայրերում էլ փոքր զինվորական գերեզմանոցներ կան։
Սիսիանի համայնքապետարանն այս օրերին քաղաքային պանթեոնում նորոգման ու բարեկարգման աշխատանքներ է սկսել: Տարածքը մեծացնում են, էլեկտրական լուսավորություն, ոռոգման ջուր են անցկացնում: Ինչպես տեղեկացանք համայնքապետարանից, նպատակ ունեն մինչեւ սեպտեմբերի 27-ն աշխատանքներն ավարտել։ Եթե հասցնեն, վերջին պատերազմի զոհերի միանման լուսանկարներն էլ են տեղադրելու, ավելի ուշ՝ շիրմաքարերը:
44-օրյա պատերազմի զոհերի մի խումբ ծնողներ համաձայն չեն համայնքապետարանի առաջարկած շիրմաքարերի եւ շիրմաքարին կից դրվող լուսանկարների ձեւին:
Սիսիանի քաղաքային պանթեոնում հիմնադրման ժամանակվանից՝ 1992-ից սկսած, դրվում են միանման շիրմաքարեր՝ նույն ոճի սեւ-սպիտակ լուսանկարներով: Փոքրիկ, քարե սալիկի վրա դաջված լուսանկարները, իբրեւ բարեգործություն, ուղարկվում են Կրասնոդարից: Այնտեղ ապրող սիսիանցի մի գործարար քարի մշակման արտադրամաս ունի, հանձն է առել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված հայրենակիցների լուսանկարները պատրաստելու գործը: Պանթեոնի շիրմաքարերը պատվիրվում են Սիսիանում՝ կրկին միանման, զոհվածների անուն, ազգանուն, հայրանուններով, ծննդյան եւ մահվան թվականներով:
Ծնողները ճերմակ շիրմաքար են ուզում, մոտավորապես այնպիսին, ինչպիսին օրերս ընտրվեց 44-օրյա պատերազմում զոհված եւ Եռաբլուրում հուղարկավորվածների գերեզմանների կառուցապատման համար:
Սիսիանում ոմանք պատրաստ են պանթեոնում սեփական միջոցներով կառուցապատելու իրենց որդիների շիրիմները. չճնշող, լուսավոր մի վայր են պատկերացնում:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում զոհվածներից մեկի ծնողն ասում է. «Մեր ուզածն այնքան քիչ բան է: Գորշ, բազալտե քարեր չենք ուզում, դրանք մամռակալում են, իսկ լուսանկարները անձրեւի, ձյան օրերին թրջվում են, չեն երեւում: Արդեն տեսնում ենք, որ Արցախյան առաջին պատերազմի շատ զոհերի շիրիմներ ինչ վատ վիճակում են: Այն ժամանակ այդ ձեւն է ընդունված եղել, այդ ձեւով են դրվել, բայց ժամանակները փոխվել են, այսօր ուրիշ շիրմաքարեր կան, լուսանկարները կարող են գունավոր լինել: Մեզնից ոմանք օրեր են անցկացնում այնտեղ, պետք է այնպես լինի, որ գնանք, նստենք, զրուցենք մեր երեխաների հետ, չճնշվենք: Մեզնից հետո ընդհանրապես մաքրող, նայող չի լինելու, գոնե դիմացկուն քարեր դրվեն, նկարները չխամրեն…»:
Ծնողները, որ չեն ցանկանում ներկայանալ, հիմնականում նույն ցանկությունն ունեն: «Համայնքապետարանը պետք է լսի ծնողներին, հաշվի առնի նաեւ մեր ցանկությունը: Մենք արդեն մեր ամենաթանկն ենք կորցրել, ինչ էլ անենք, հետ չենք բերելու, բայց նրանց հիշատակի համար մի բան անենք, թեկուզ մեր ուժերով: Գաղտնիք չէ, որ մեզ՝ իբրեւ զոհերի ընտանիքների, քսան տարի թոշակ են տալու, այդ փողից մնայուն մի բան չանե՞նք իրենց համար, այդ փողը ուտել էլ չի լինում…»,- ասում է մեր զրուցակից մեկ այլ ծնող:
1992-ին Սիսիանի պանթեոնում առաջինը հուղարկավորվել են «Սիսական» ջոկատի զոհերը: Ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որի հոգածության տակ է երկար տարիներ եղել պանթեոնը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ պանթեոնը հիմնելուց ի սկզբանե նպատակ է եղել ունենալու միանման գերեզմաններ՝ պարզ շիրմաքարերով: «Այնտեղ հրամանատարներ կան, շարքային զինվորներ կան, բոլորն էլ նույն գերեզմանն ունեն, պատերազմը նույն դեմքն ունի, բոլոր զոհերը նույնն են: Այնտեղ իմ եղբայրն է հուղարկավորված: Ես՝ իբրեւ հրամանատար, հետո իբրեւ Սյունիքի մաքսատան նախկին պետ, կարող էի, չէ՞, իմ եղբոր համար համեստ տապանաքարի փոխարեն մի վեհաշուք գերեզման կառուցել: Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը եղբորս կիսանդրին էր ուզում սարքել, իբրեւ բանաստեղծ-ազատամարտիկի: Բայց չարեցինք, արեցինք նույնը, ինչ մյուսների համար: Կամ ոչ ոք Վուրգ Ոսկանյանից ավելի չի արել, բայց Վուրգն էլ այստեղ նույն տապանաքարն ունի, ինչ մյուսները: Ի վերջո, այդ քարը խունանալու է, բորբոս է կապելու, բորբոսի վրա ծաղիկ է աճելու, բորբոսն էլ իր ծաղիկն ունի: Հողը չի տարբերակում՝ ռամի՞կ է, թագավո՞ր, զինվո՞ր, թե՞ հրամանատար, բոլորն էլ խառնվում են մայր հողին, հողը նաեւ այդպես է ուժեղանում: Կյանքի, մահվան, հավերժության հարցերին մի քիչ այլ կերպ պետք է նայել»:
Սիսիանցի արվեստագետ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանը նույնպես մասնակցել է պանթեոնի հիմնադրմանը։ Նրա աչքի առջեւ է Սյունիների տոհմական սրբավայրի՝ Սյունի վանքի առջեւ ընդարձակվել հայրենի քաղաքի ամենատխուր վայրը:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նա ասում է. «1992-1993-ին էլ տարբեր գերեզմանաքարեր դնելու քննարկումներ կային, բայց մենք բոլորին համոզում էինք, թե ազգի համար զոհվածներից ոչ մեկը մյուսից ոչ մի բանով ավել կամ պակաս չէ: Զինվորն էլ, հրամանատարն էլ նույն գործով են պատերազմի դաշտում: Բոլորը հավասար են այս ազգի ու պետականության համար, որեւէ մեկին տուրք տալ, փառքի հասցնել չենք ուզում: Այդ սկզբունքով է հիմնվել Սիսիանի պանթեոնը: Դե պարզ է, որ բոլորն էլ ուզում են իրենց որդիներին հերոսացնել: Եթե թույլ տրվի՝ նկարները, քարերը իրենց ուզած ձեւով արվեն, մեկը գրանիտ է դնելու, մյուսը խաչքար է դնելու, մյուսն ընդհանրապես հնարավորություն չի ունենալու որեւէ բան դնելու: Սիսիանի պանթեոնի շուրջ այս խոսակցությունները միշտ էլ եղել են, ինչքան էլ ցավալի է, այս խոսակցությունները հաճախ ավարտվել են այսպես. «Ուզո՞ւմ ես, երեխայիդ վերցրո՛ւ, տա՛ր ձեր ընտանեկան գերեզմանոցում ինչպես ուզում ես սարքի շիրմաքարը»: Մենք այս պանթեոնի՝ միանման լինելու հարցը 1993-ին լուծել վերջացրել ենք»:
Աշոտ Ավագյանը հիշում է, որ պանթեոնը հիմնելուց նաեւ մտածել են, որ լուսանկարներ էլ ընդհանրապես չլինեն: «Մի քիչ փիլիսոփայական մոտեցում էինք այն ժամանակ ուզում ցուցաբերել. նույն գաղափարի համար զոհվածները բոլորը նույն դեմքն ունեն, զինվորն ընդհանրապես դեմք չունի, եթե ուզում եք իմանալ: Հարյուր տարի հետո ոչ մեկի դեմքը չի ճանաչվելու։ Բայց այն ժամանակ տեղի տվեցինք, քար եւ լուսանկար դրեցինք: Մի դաժան բան էլ ասեմ, ապրել ենք, տեսել ենք՝ քսան տարի հետո այդ երեխաներին այցելողներ չեն էլ լինելու: Արցախյան առաջին զոհերից շատերի շիրիմներին տարին երկու-երեք անգամ մենք ենք այցելում, խնամում, մաքրում»,- ասում է արվեստագետը:
Նա իր հյուրերին հաճախ է տանում Սիսիանի այլ բնակավայրերում գտնվող զինվորների հարյուր տարեկանից ավելի գերեզմաններ, որոնք վաղուց մոռացված են: «Անգեղակոթում գերեզմանոց կա, որտեղ 1918 թվականի թուրքական արշավանքներից զոհված զինվորներ են հուղարկավորված, ո՞վ է հիշում նրանց»:
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ողջունում է, որ 2020-ի պատերազմի զոհերի շատ հարազատներ իրենց որդիների հիշատակին աղբյուրներ են կառուցում տարբեր վայրերում: «Եթե իրենց երեխաների հիշատակի համար մի բան են ուզում անել, այդպիսի շատ հուշաղբյուրներ թող սարքեն, աղբյուրների ակերը մաքրեն, բնությունը ազատեն աղբից, դա ավելի գնահատելի քայլ կլինի, հիշատակը հարգելու ավելի լավ ձեւ է, քան պանթեոնը ծանրաբեռնելը»:
Զոհված տղաներից մեկի ծնողն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ տեղյակ է թե՛ պանթեոնի հիմնադիրների, թե՛ համայնքապետարանի մոտեցումներին, ըստ այդմ՝ ինքն առաջարկել է փոխել նաեւ Արցախյան առաջին պատերազմում զոհվածների շիրմաքարերը, որ բոլորը միանման լինեն, տարանջատում չլինի:
Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ բոլոր առաջարկները քննարկվելու են: «Գուցեեւ հաշվի առնենք ծնողների առաջարկները, բայց այս կարճ ժամկետում չենք հասցնի բոլոր շիրմաքարերը եւ լուսանկարները փոխել: Քանի որ արդեն պատվիրել ենք նոր զոհերի լուսանկարները, մեր բարերարներին էլ չնեղացնենք, առաջարկել եմ բերել, դնել, նայենք՝ ինչպես է, մեկ-երկու ամիս թող մնա, քննարկենք, հետո մեծամասնության կարծիքը հաշվի կառնենք: Մենք նույնպես դեմ ենք տարանջատմանը, նորոգման ընթացքում էլ այնպես ենք արել, որ մեկ ընդհանուր պանթեոն լինի, զոհերն իրարից չառանձնանան»:
Համայնքապետարանի պաշտոնյան նշում է, որ իրենք այս պահին դեռ կենտրոնացած են բարեկարգման աշխատանքների վրա. նոր ավելացված տարածքում հենապատ պիտի կառուցվի, այլ հարցեր պիտի լուծվեն, հրատապ մրցույթ են հայտարարարել, արագ կատարում են աշխատանքները, որ մինչեւ պատերազմի առաջին տարելիցի օրն ավարտեն: Ամեն ինչ արվում է համայնքային բյուջեից:
Մեզ հետ զրույցում ծնողները նշում են, որ չեն հավատում, թե նկարները դնելուց հետո համայնքապետարանը դրանք կհանի: «Այդպես ուղղակի ասում են: Կդնեն ու կմնա, ավելի լավ է սկզբից չդնեն, մեկ է՝ մենք հանելու ենք, մեր երեխաների գերեզմանները մեր ուզած ձեւով սարքելու ենք: Մենք ենք այդ շիրիմների տերը: Իրենք ասում են՝ մինչեւ 27-ը վերջացնենք, բայց 27-ը ի՞նչ ամսաթիվ է, մեր երեխաները բոլորը հո այդ օրը չե՞ն զոհվել: Հետո՝ Եռաբլուրում վերջին պատերազմի զոհերի շիրիմները փոխում են, նույնանման են սարքում, ինչի այնտեղ չեն ասում՝ բա հնե՞րը»:
Աշոտ Մինասյանը նույնպես պատրաստ է զրուցելու ծնողների հետ, քննարկելու շիրմաքարերի հարցը: Նա գոհ է, որ համայնքապետարանն իր հոգածության տակ է առել նորոգումը, պանթեոնի պահպանությունը. տարիներ շարունակ ինքն է տարբեր կազմակերպությունների, ընկերների օգնությամբ պանթեոնում աշխատանքներ կատարել:
Նրան այս պահին այնքան շիրմաքարերի հարցը չի մտահոգում, ինչքան այն, որ զոհվածների գերեզմանոցներում հուղարկավորվում են նաեւ պատերազմից հետո մահացածներ: «Մենք Սիսիանից բացի զոհվածների փոքր պանթեոններ ունենք նաեւ Անգեղակոթում, Շաղատում, Ույծում, Բռնակոթում, այլ տեղերում: Բայց ո՛չ Սիսիանում, ո՛չ այնտեղ, թույլ չենք տվել, որ մահացածին հուղարկավորեն մարտիրոսվածի կողքին: Ուրիշ տեղերում, հիմնականում՝ Եռաբլուրում, ինչ են անում՝ մարդը 50 տարեկանում պատերազմին մասնակցել է, 80 տարեկանում իր ծերունական մահով կամ մի այլ պատճառով մահանում է, տանում են քսան տարեկան նահատակվածի կողքին հուղարկավորում, ինչքանո՞վ է ճիշտ եւ բարոյական:
Մահացածն այլ է, զոհվածը՝ այլ: Եթե զոհվածների պանթեոն է, ապա միայն պատերազմի զոհեր պիտի լինեն այնտեղ՝ իրենց համեստ, նույնանման շիրմաքարերով, որոնք հավասարություն կխորհրդանշեն»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։