Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄԷ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով ժամանակավորապես, ավելի ստույգ՝ 10 օրով կհյուրընկալեն Աֆղանստանի 5000 քաղաքացիների:
Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն Արաբական Էմիրություններ։
Ուզբեկստանը արդեն փախստականների երկրորդ խմբին է ընդունել Աֆղանստանից։ 400 հոգանոց խմբին եւս ժամանակավորապես տեղավորել են ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ։ Այնտեղ արդեն իսկ կառավարական զորքերի 650 սպա է ապաստանել, որոնք մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի հրամանատարության ներքո էին։
Ավելի վաղ Ուզբեկստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնությամբ՝ 150 աֆղանստանցի փախստական, որոնց անվտանգությունը երաշխավորվել է, վերադարձվել է Աֆղանստան:
Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կացություն տրամադրելու պատրաստակամության մասին է հայտնել նաեւ Կոլումբիան:
«Կոլումբիան միանում է այն երկրների խմբին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ԱՄՆ-ին եւ ժամանակավոր ապաստան կտան Աֆղանստանի այն քաղաքացիներին, որոնք տարիներ շարունակ օգնել են ԱՄՆ-ին եւ այժմ փաստաթղթեր են ստանում այդ երկիր ներգաղթելու համար»,- ասել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը։