ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ անում է Քաբուլից ամերիկացիների եւ վտանգված աֆղանստանցիների ապահով տարհանումն իրականացնելու համար:
Բայդենն ընդգծել է, որ տարհանման առաքելությունը վտանգավոր է, սպառնում է զինծառայողների կյանքին, եւ գործողությունն իրականացվում է չափազանց դժվարին հանգամանքներում:
«Ես չեմ կարող բացարձակ հաջողություն խոստանալ, բայց որպես ձեր գերագույն գլխավոր հրամանատար վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանենք մեր հայրենակիցներին տուն բերելու համար, գործի կդնենք մեր ամբողջ կարողություններն ու բոլոր լծակները»,- ասել է նա։
Միացյալ Նահանգները ձգտում է ամերիկյան ուժերն Աֆղանստանից դուրս բերել մինչեւ թալիբների հետ համաձայնեցված ժամկետը՝ օգոստոսի 31-ը:
ԱՄՆ-ը փորձում է տարհանել նաեւ վտանգված աֆղանստանցիներին՝ տարբեր ոլորտում աշխատած մարդկանց, որոնք 20 տարվա ընթացքում համագործակցել են ԱՄՆ-ի կառավարության եւ զինված ուժերի, ինչպես նաեւ այլ պետությունների դիվանագիտական առաքելությունների հետ:
Ամերիկացի հազարավոր զինծառայողներ այժմ տեղակայված են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ապահովում են տարհանման անվտանգությունը: Ջո Բայդենը նշել է, որ հնարավոր է՝ ամերիկյան ուժերի տեղակայումը լրացուցիչ ժամանակ պահանջի:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ «Թալիբան»-ի՝ օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտնելուց ի վեր երկիրը լքել են շուրջ 12 հազար օտարերկրացիներ եւ Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք աշխատել են դեսպանատներում եւ միջազգային մարդասիրական կազմակերպություններում:
Նա ընդգծել է, որ տարհանման գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ վտանգավոր գործընթաց է, իսկ ԱՄՆ-ը չի ցանկանում օդանավակայանի սահմաններից դուրս որեւէ բախում թալիբների կամ խաղաղ բնակչության հետ: