Բրիտանական The Pak Banker պարբերականի հեղինակ Տատյանա Կանունիկովան անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության թեմային:
«Զարմանալի չէ՞ արդյոք, թե որքան արագ մարեց Լեռնային Ղարաբաղի պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության թեման, թեեւ, ըստ հաղորդումների, հազարավոր օտարերկրյա զինյալներ էին ուղարկվել պատերազմում Ադրբեջանին աջակցելու համար»,- հարցադրում է արել թղթակիցը:
Նա նշել է, որ ըստ բրիտանական Reuters-ի հաղորդագրության՝ երկու սիրիացիներ ասել էին, որ իրենք շուրջ 1000 այլ զինյալների հետ տեղակայվել են Ադրբեջանում:
Այս երկու տղամարդիկ Jaish alNukhba եւ Ahrar Al-Sham-ի անդամներ էին, իսկ այդ կազմավորումներին մի շարք երկրներ համարում են ահաբեկչական խմբավորումներ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ տարվա հոկտեմբերին շեշտել էր, որ Սիրիայի «ջիհադիստական խմբավորումների» մարտիկները Թուրքիայով անցել են Ադրբեջան:
Հատկանշական է, որ օտարերկրյա վարձկանների՝ Ադրբեջանի անունից պայքարելու դրդապատճառը փողն էր, ոչ թե ջիհադի գաղափարախոսությունը:
Ադրբեջանում իրենց ծառայության համար նրանց խոստացվել էր ամսական 2000 ԱՄՆ դոլար, որն ավելի ցածր է, քան Լիբիայի համար հավաքագրված մարտիկների աշխատավարձը, բայց Սիրիայի բնակիչների համար դա մեծ գումար է:
Արցախյան հակամարտության ընթացքում արմատական ջիհադիստական գաղափարախոսությունը կարծես թե խաղից դուրս էր: Բանն այն է, որ Ադրբեջանի մահմեդականների 85%-ը շիա է, եւ միայն 15%-ն է սուննի:
«Երկու սեկտաները երկարատեւ թշնամիներ են, եւ Լեռնային Ղարաբաղի համար մեռնելը, ըստ որոշ ջիհադիստ քարոզիչների, չի երաշխավորում նահատակություն»,- ընդգծել է հոդվածագիրը:
Իհարկե, չի կարելի անտեսել Ադրբեջանի սուննի փոքրամասնությանը, եւ, ըստ հոդվածագրի, պատերազմի ընթացքում հայկական կողմն անգամ պնդել է, որ վարձկաններն արդեն փորձում են շարիաթի օրենքը պարտադրել:
Հեղինակը նշել է, որ հնարավոր է՝ սալաֆիստական (վահաբական) որոշ մտածողներ, ինչպես, օրինակ` Սաուդյան Արաբիայից Աբդուլլահ Ալ-Մուհայսինին, խրախուսել են իսլամիստներին Լեռնային Ղարաբաղում պայքարելու հարցում: «Համենայն դեպս, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարծես դասական ջիհադի պատմություն չէ»,- եզրակացրել է Տատյանա Կանունիկովան:
Կարիերայի վարձկաններ
Սիրիացի վարձկանների մասնակցությունն ընդամենը ընդլայնեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: Բնականաբար, խոսքն այլ տարածաշրջաններում ռազմական գործողությունների տարածման մասին չէ:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում սիրիացի մարտիկների ներգրավվածությունը սպառնում էր խթանել համապարփակ ու համընդգրկուն ջիհադը: Անկախ նրանց հետապնդած նպատակից, ջիհադիստներին ֆինանսավորվելու եւ վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Առավել կարեւորն այն է, որ ստեղծված պատերազմական գոտում ջիհադիստ մարտիկների՝ պահանջարկ ունեցող հմտություններն ու փորձը ծառայեցվեց ահաբեկիչներին շարժման մեջ պահող համակարգի աջակցմանը:
Անցյալ տարի հրապարակված ամերիկյան եւ եվրոպական հետազոտողների մի խմբի զեկույցի համաձայն, օրինակ, օտարերկրյա մարտերի մասնակցած անհատ ջիհադիստները բնորոշվել են իբրեւ «կարիերա անողներ»: Ըստ փաստաթղթի՝ նրանցից շատերն իրոք կարիերայի առաջընթաց ունեցան՝ շարքային զինվորից մինչեւ բարձր պաշտոն: Հետազոտողները վկայակոչել են ավելի քան 50 նման մարտիկների, որոնք մասնակցել են բազմաթիվ հակամարտությունների եւ, ի վերջո, ազդեցիկ դարձել ջիհադիստական համապարփակ շարժման մեջ:
Իսկ Լեռնային Ղարաբաղում կռված օտարերկրյա մարտիկների հետագա ճակատագրի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Ըստ Սիրիայի Մարդու իրավունքների հետազոտական խմբի՝ ավելի շատ սիրիացի վարձկաններ են զոհվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության, քան լիբիական հակամարտության ընթացքում. 541 զոհ: Ոմանք վերադարձել են Սիրիա, բայց մյուսների գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Ահա թե ինչն է մտահոգիչ:
Ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը օգուտ քաղել հակամարտության մեջ սիրիացի վարձկանների ներգրավվածությունից: Խոսքը վերաբերում է ոչ թե նրանց հմտություններին, այլ բռնության հանդեպ նրանց հակվածությանը:
Օրինակ` Ֆրանսիայի 24 դիտորդների թիմի տեղադրած տեսանյութը վկայում է Սուլթան Մուրադի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված դիվիզիայի գործունեության մասին: Այս տխրահռչակ դիվիզիան հայտնի է նախորդ հակամարտություններում իր պատերազմական հանցագործություններով եւ մասնավորապես քուրդ բանտարկյալների խոշտանգումներով: Ոչ ոք չի հավատա, թե նրանք առավել մեղմ են վերաբերվել հայ գերիներին:
Այս համատեքստում ադրբեջանական ուժերի գործած վայրագությունները կարծես թե համահունչ են օտարերկրյա վարձկանների հավաքագրման նպատակներին: Դեկտեմբերին սեփական գյուղերը լքելուց հրաժարված երկու տարեց քաղաքացիական անձինք ադրբեջանական ուժերի ձեռքով գլխատվել էին:
Եթե սոցիալական հարթակներում այդ տեսանյութերը տարածված չլինեին, այս պատմությունը նույնպես անհայտ կլիներ լայն հանրությանը: Մեկ այլ տեսանյութում ակնառու երեւում է՝ ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մահապատժի ենթարկում երկու հայ զինվորի:
Պատերազմական հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարել են ադրբեջանական ուժերը եւ հավաքագրված սիրիացի վարձկանները, ըստ էության, նույն մետաղադրամի տարբեր կողմերն են: Երկուսն էլ ծառայում են ահաբեկչությանը:
Եվրախորհրդարանը դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը խոշտանգում է պատերազմի հայ գերիներին:
Համաեվրոպական «Վոլտ» կուսակցության խորհրդի անդամ Ջոել Բոյեմը մասնավորապես նշել է, որ «Վոլտը» խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների նկատմամբ Ժնեւյան կոնվենցիայի եւ հիմնարար իրավունքներն ու մարդկային արժանապատվության սկզբունքները ոտնահարող բոլոր բռնությունները:
«Ինչ վերաբերում է ադրբեջանական ուժերի կատարած խախտումներին,- շարունակել է Բոյեմը,- իմ աչքով եմ տեսել նման հաղորդագրություններ, oրինակ` Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի զեկույցներում, որոնք վստահելի աղբյուրներ են: Այդ զեկույցներում վկայակոչված վայրագ գործողությունները խորապես մտահոգիչ են եւ ամբողջովին անընդունելի: Ես կոչ եմ անում միջազգային ամբողջ հանրությանը եւ, իհարկե, ԵՄ-ին՝ ձայն բարձրացնելու եւ ինքնուրույն հետաքննություն վարելու այդ ահազանգերի վերաբերյալ»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը