«Մեր թիկունքը պարտավոր է հզոր լինելու»,-ասում է «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնության կամավորը։ Աշխատանքներին նա մասնակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Այստեղ կազմակերպիչներից մեկը համալսարանի ուսանողուհի Անի Ղազարյանն է: Անին ասում է, թե Հայաստանում պատրաստի ցանց գտնելը շատ բարդ է, ստիպված սկսել են գործել։ «Սպիտակ ցանց ենք գործում, քանի որ Արցախի որոշ հատվածներում արդեն ձյուն է: Կտորի մի մասը մեզ տրամադրել են, մյուս մասը կամավորներն են հայթայթել». ասում է Անին:
Աշխատանքի ընթացքի մասին պատմում է կամավորական Աստղիկը. «Ես այս համալսարանից չեմ, բայց երբ իմացա, որ նման նախաձեռնություն կա, միացա: Երեք օր առաջ եմ եկել: Նախ ծանոթացա գործին, հետո սկսեցի ակտիվորեն մասնակցել: Սկզբում շատ դժվար էր, մինչև հունի մեջ ընկա, օրը վերջացավ: Հաջորդ օրը սկսեցինք կտրատած կտորներով ցանցը հավաքել: Մինչև կեսն արեցինք, էլի օրը վերջացավ: Բայց հիմա արդեն բավականին արել ենք: Շատ լավ թիմ ունենք»:
Կամավորները տարբեր գործերի համար են պատասխանատու. մի մասը թելերն է կտրում, մի մասը՝ կտորները, մյուսներն էլ ցանցն են հավաքում: Բայց մի բան ընդհանուր է՝ բոլորն աշխատում են մեծ պատրաստակամությամբ ու խաղաղության սպասումով:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում էլ անձրևապաշտպան թիկնոցներ են պատրաստում զինվորների համար: Նախաձեռնության հեղինակները Միքայել Սարգսյանը, Լիլիթ Հովհանիսյանն ու Արթուր Հովհաննիսյանն են: Միքայելն ու Արթուրը Ապրիլյան պարերազմի մասնակիցներ են: Ասում են՝ այն ժամանակ անձրևապաշտպան թիկնոցները շատ են օգնել, դրա համար էլ հիմա իրենք են պատրաստում ճակատում կռվողների համար: Սկզբում սեփական միջոցներով են նյութերը հայթայթել, հետո մարդիկ՝ իմանալով նախաձեռնության մասին, սկսել են փոխանցումներ անել թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից: Աշխատանքներին աջակցում է նաև բուհի շրջանավարտ ու նախկին դասախոս Մարո Փարյանը, որը, Լոս Անջելեսից վերադառնալով, հումք ու կարի մեքենաներ է գնել: Դրանից հետո սկսել են նաև կտորից անձրևապաշտպան թիկնոցներ կարել:
«Արտադրանքը» բազմազան է. պոլիէթիլենից ու ջրակայուն կտորից անձրևապաշտպան թիկնոցներ, անթև բաճկոններ, շապիկներ, գլխարկներ ու դիմակներ: Մինչև սահման ուղարկելը թիկնոցների վրա ոգևորիչ գրություններ են թողնում: Քողարկիչ ցանցեր, պատգարակներ ու վրաններ էլ են պատրաստում։ «Իմացանք, որ վրաններ են պետք, նստեցինք ու սկսեցինք սարքել, ոչ մեկս վրան սարքել չենք իմացել: Սկզբում թերություններ կային, հետո քիչ-քիչ շտկեցինք»,-ասում է տիկին Մարոն:
-Ամեն ինչ անում ենք, որ թե՛ թիկունքը, թե՛ ճակատը ամուր լինեն: Երբ իմանում ենք, որ ինչ-որ բանի կարիք կա, անմիջապես անցնում ենք աշխատանքի: Նաեւ կարևոր է, որ ամեն ինչ անմիջապես սահման է հասնում: Արկղերում մեր հեռախոսահամարն էլ ենք դնում, որ անհրաժեշտության դեպքում զանգահարեն. գուցե թերություններ լինեն, որ պետք է շտկել, բայց հիմնականում գոհ են:
-Մեզ նկարներ էլ են ուղարկում, որտեղ զինվորները մեր անձրևապաշտպան թիկնոցներով են,-ժպտալով ասում է կազմակերպչական հարցերում աջակցող Աստղիկն ու հավելում,- բոլոր կամավորները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են գալիս այստեղ աշխատելու, բայց և հույսով, որ վաղը խաղաղություն կլինի եւ իրենց աշխատանքի կարիքը չի զգացվի: