Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետեւանքները հաղթահարված չեն, եւ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում Լին Թրեյսին ասել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, աշխատելու է այդ դիրքերից՝ «ձգտելով լարվածության թուլացման, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել պատերազմի հետեւանքների եւ մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»:
Անդրադառնալով անվտանգության եւ սահմանային միջադեպերի հարցերին՝ Թրեյսին նշել է, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Թերեւս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, եւ ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում լարվածության թուլացման, եւ որ հնարավորինս արագ վերջ տրվեն բռնություններին»,- նշել է Լին Թրեյսին:
Դեսպանն ընդգծել է, որ այս խնդիրների լուծումը անչափ կարեւոր է հատկապես այն պատճառով, որ հակամարտության կենտրոնում հայտնվում են քաղաքացիական անձինք, եւ վտանգվում են նրանց անվտանգությունն ու ապահովությունը, ուստի, այս ամենը հաշվի առնելով, նշված հարցերի լուծումը ավելի քան հրատապ է դառնում: