Քաբուլի միջազգային օդանավակայանում այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 04։13-ին, կրակոցներ են հնչել։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի՝ Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողը զոհվել է, երեքը վիրավորվել են անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետեւանքով։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ աֆղանական անվտանգության ուժերի եւ անհայտ հարձակվողների միջեւ:
Փոխհրաձգության մեջ են մտել նաեւ միջազգային խաղաղապահ ուժերը, մասնավորապես ամերիկացի ու գերմանացի զինվորականները, ոչ ոք չի տուժել:
ՆԱՏՕ-ն հայտնել է, որ վերջին յոթ օրում միայն Քաբուլի օդանավակայանում եւ մերձակայքում առնվազն քսան մարդ է զոհվել, նրանց մի մասը սպանվել է հրազենից, մյուսները`օդանավակայանում սկսված քաշքշուկի հետեւանքով։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ հերքել են մասնակցությունը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններին՝ հայտարարելով, որ դրանց պատճառը տարհանման հստակ ծրագրի բացակայությունն է եղել:
«Թալիբանի» զինյալներն այժմ վերահսկում են Աֆղանստանի տարածքի մեծ մասը եւ ցամաքային բոլոր սահմանային անցակետերը։ Այլ երկրների քաղաքացիներին եւ օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանստանցիներին տարհանում են Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները: