Հոկտեմբերի ութից «Հայկական ապրանքանիշ» ֆեյսբուքյան էջը և «Սոցիալական ձեռներեցների դպրոց»-ը սկսել են «Հայ արտադրողը հայ զինվորի կողքին» առցանց նախաձեռնությունը։
«Հայկական ապրանքանիշ» ֆեյսբուքյան էջը գործում է 2016-ից։ Դրա նպատակը տեղական արտադրատեսակները ճանաչելի դարձնելն է։ Էջի հիմնադիր Ֆլորա Վարդանյանը կապ է հաստատել արտադրողների հետ, առաջարկել տեղեկություն տրամադրել իրենց ապրանքանիշի վերաբերյալ, էջում բաժիններ հատկացրել տեսականին եւ ուղեկցող տվյալները ներկայացնելու համար։
«Իսկ ինչ վերաբերում է «Հայ արտադրողը հայ զինվորի կողքին» նախաձեռնությանը, երբ սկսվեց պատերազմը, մտածում էինք՝ ի՞նչ անել, ինչպես օգնել, աջակցել, եւ քանի որ այս օրերին թուրքական ապրանքը բոյկոտելու շարժում առաջացավ, որոշեցինք, միավորելով «Հանուն հայկականի» ֆեյսբուքյան խումբը և «Հայկական ապրանքանիշ» էջը, միաժամանակ օգտակար լինել ե՛ւ զինվորին, ե՛ւ արտադրողին»․ պատմում է Ֆլորա Վարդանյանը։
Արդեն շուրջ 100 ապրանքանիշ է միացել նախաձեռնությանը և 1,5 միլիոն դրամ գումար է հանգանակվել հիմնադրամին։
Նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները հետևում են քայլերի այս հաջորդականությանը․ արտադրողը ֆեյսբուքյան էջին ուղարկում է 2-3 արտադրատեսակ, որոնք պատրաստ է ինքնարժեքով վաճառել, հետո դրանք խմբավորվում են, նկարները մշակվում, տեղադրվում են հատուկ շրջանակների մեջ և հրապարակվում «Հայ արտադրողը հայ զինվորի կողքին» բաժնում։ Գնորդը, մուտք գործելով, ընտրում է ցանկալի արտադրանքը, գումարը փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին, իսկ կտրոնը՝ ֆեյսբուքյան էջին։ Այնուհետև արտադրողը կապ է հաստատում գնորդի հետ և առաքում ապրանքը։
Առցանց հարթակը հնարավորություն է տալիս նաև գնել-վաճառել մարզից մարզ, մեծ է մասնակցությունը սփյուռքից։ Եղել են դեպքեր, երբ արժեքից մեծ գումար է փոխանցվել հիմնադրամին, կամ ինչ-որ բան գնել ու խնդրել են փոխանցել արցախցիների կամ զինվորների ընտանիքներին։
«Պատահում է, որ արտադրանքն ինքնարժեքով գնելուց հետո նորից են դիմում, այդ դեպքում ուղղորդում ենք արտադրողի էջ, փորձնական փուլը բերում է նոր գնորդներ։ Արտադրողներից մեկը սիմվոլիկ հազար դրամով հիսուն վզնոց էր տրամադրել, որոնք մեկ ժամվա ընթացքում սպառվեցին, սակայն հիմնականում առաջարկում ենք տրամադրել հինգ-վեց աշխատանք, նախաձեռնության հետևանքով չպետք է տուժի բիզնեսը»․ ասում է տիկին Վարդանյանը։
Ֆլորա Վարդանյանը նաև նշեց, որ նախաձեռնության համահեղինակ «Սոցիալական ձեռներեցների դպրոցը»-ից էլ մասնակցությունը մեծ Է՝ մի ձեռնարկատերը զարդ է արտադրում, մյուսը՝ շոկոլադ։
«Հայկական ապրանքանիշ»-ը մասնակցում է մեկ այլ նախաձեռնության ևս․ «Հանուն հայկականի»-ի խմբակիցներից մեկը՝ Մեղրին, որը Հայաստանում չի բնակվում, սկսել է քարտեզագրել հայաստանյան այն խանութները, որտեղ մեծ մասամբ հայկական արտադրանք է վաճառվում։ Քարտեզագրումը դեռ ընթացքի մեջ է։ Ներկայացվում են ոչ միայն բրենդավորված խանութները, այլև նրանք, որոնք անգամ անուն չունեն․ նշվում է, որ հասցեում ինչ է վաճառվում։
Նախաձեռնությունը մոտենում է տրամաբանական ավարտին, այլևս նոր հայտեր չեն ընդունվում, սակայն դեռ կարելի է շարունակել գնումները, ծանոթանալ հայկական արտադրանքին և իհարկե աջակցել հիմնադրամին։ Շուտով կլինեն նոր նախաձեռնություններ, որոնք կշարունակեն պահել գնորդ-արտադրող կապը։