Շաբաթներ առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ թղթի թափոնը կարող է ծառայել հայրենիքի պաշտպանության գործին։ Դժվար կընկալվեր նաեւ «Թուղթը վերածենք զենքի» կարգախոսը՝ թուղթն ո՜ւր, զենքն ո՜ւր։ Բայց պատերազմը համախմբեց հասարակությանն՝ անգամ ամենաանսովոր նախաձեռնություններով։
Գլխավոր պողոտայում գտնվող Միսաք Մանուշյանի անվան պուրակը, որը երեւանցիներին հայտնի է «Մաշտոցի պուրակ» անվամբ եւ ոչ հեռավոր անցյալում քաղաքացիական շարժման կիզակետ էր, մեկ ամիս առաջ դարձավ կենտրոնակայանը մի նախաձեռնության, որի հիմնադիրներն ու կամավորները պատերազմի առաջին իսկ օրերից թուղթ են հավաքում։
Նախաձեռնությանը միանալով՝ մարդիկ բերում են ինչ ունեն՝ ամսագրեր ու գրքեր, հին ու նոր հրատարակություններ։ Նույնիսկ հազվագյուտ գրքեր են պատահում։ Օրինակ՝ թափոնի միջից դուրս է բերվել Գյոթեի հին գերմաներեն մի հատոր։
«Գիրքը բավականին բարձր արժեք ունի, Գերմանիայում աճուրդ ենք կազմակերպելու, գումարն ուղարկենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- ասում է «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության կազմակերպիչ Միհրան Ավագյանը:
Վնասված ու խունացած գրքերից բացի, մարդիկ հաճախ նոր ու արժեքավոր բաներ էլ են բերում։ Դրանք առանձնացվում են, դրվում հանգանակության արկղի մոտ։
«Գին սահմանված չէ, վերցնողը վճարում է այնքան, որքան կցանկանա: Մեկը նույնիսկ երկար տարիներ գրախանութներում փնտրած գիրքն այստեղ գտավ ու, հիսուն դոլար վճարելով, վերցրեց»,-ասում է Միհրանը:
Կամավորների մեջ կան գրականության գիտակներ, որոնք ուսումնասիրում են բոլոր գրքերն ու փորձում դրանք ավելի բարձր գնով իրացնել գրավաճառների միջոցով՝ գումարն անշուշտ փոխանցելով հիմնադրամին։
Կամավորները հիմնականում երիտասարդներ են, բայց քիչ չեն տարեցներն ու պատանիները։ Կամավորների համար ամենհետաքրքիրը, թերևս, գրքերի ուսումնասիրման ընթացքն է. թերթելիս գտնում են փող՝ հիմնականում հին սովետական ռուբլիներ, ընտանեկան լուսանկարներ, չորացած ծաղիկներ, անգամ 27 տարի առաջ գրված սիրային նամակ է հայտնաբերվել։
Զավեշտալի դեպքեր էլ են պատահում։ Նախաձեռնության անունը հաճախ բառացի է հասկացվում, եւ որոշ մարդիկ գալիս են աչքով տեսնելու, թե ինչպես է թուղթը զենք դառնում։ Նրանց բացատրում են, որ Մաշտոցի պուրակում զինագործարան չկա, որ այդտեղից թուղթն ուղարկվում է վերամշակման, իսկ ստացված գումարը փոխանցվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Կամավորներն արդեն ավելի քան 30 տոննա թուղթ են հանձնել եւ 1,5 միլիոն դրամ փոխանցել հիմնադրամին։
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը շարունակվում է։ Եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ թղթի հավաքման կետը տեղափոխվել է Սարյան 29 հասցեում գտնվող փակ տարածք, որը բաց է ամեն օր կեսօրից մինչեւ երեկոյան ութը։ Նախաձեռնությունն ակտիվ է նաեւ մարզերի մեծ քաղաքներում, որոնց մասին տեղեկություններ կարելի է ստանալ «Թուղթը վերածենք զենքի» ֆեյսբուքյան էջից: