ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ: «Իրական ռիսկեր կան ամբողջ եվրասիական տարածաշրջանի եւ ահասարակ աշխարհի համար»,- շեշտել է նա:
Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրները վտանգավոր միտում են համարել Աֆղանստանում ԻՊ-ի ուժեղ դիրքերի պահպանումը, որը վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի տարածքի համար: (ԻՊ-ը՝ «Իսլամական պետությունը», ահաբեկչական ճանաչված ու ՌԴ-ում արգելված կազմակերպություն է):
Ըստ Պեսկովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորում է ՀԱՊԿ-ի երկրների տարածք Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը կանխելը եւ նաե՛ւ սոցցանցերի ու համացանցի օգտագործմամբ գրոհայինների շարքեր քաղաքացիների հավաքագրումը խոչընդոտելը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ դեռեւս սուր է աֆղանական թմրանյութերի շրջանառության խնդիրը, ուստի ՀԱՊԿ-ը այդ առումով եւս ուշադրությամբ հետեւելու է իրադարձությունների զարգացմանը:
Ընդգծվել է Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի, ՄԱԿ ԱԽ-ի եւ G20-ի ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։
ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը կստորագրեն ՀԱՊԿ անդամ արտգործնախարարները։
Ռազմական կառույցի ղեկավարը հայտարարել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն «Փոխազդեցություն-2021» զորավարժությունները: Զասը նշել է, որ նախատեսվում են նաեւ «Էշելոն-2021» նյութական եւ տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաեւ «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝ կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ: Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:
Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը Աֆղանստանում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ: