Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Քաբուլի օդանավակայանում մտցված սահմանափակումների պատճառով չեն կարող Աֆղանստան հասցնել շուրջ 500 տոննա բժշկական նշանակության ապրանքներ: ԱՀԿ-ն փորձում է Աֆղանստան հասցնել, մասնավորապես, մանկական թոքաբորբը բուժելու եւ վիրաբուժական սարքավորումներ:
Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ կազմակերպության ներկայացուցիչ Ինաս Համամը հայտնել է, որ բեռն այս շաբաթ տեղ հասցնելու պայմանավորվածություն կար, սակայն Քաբուլի օդանավակայանը փակ է առեւտրային չվերթների համար:
ԱՀԿ պաշտոնյան հորդորել է, որ մարդկանց տարհանելու համար Աֆղանստան թռչող դատարկ ինքնաթիռները կանգ առնեն Դուբայում եւ վերցնեն աֆղանների համար նախատեսված բեռը:
Նշվում է, որ այժմ օդանավակայանը առեւտրային չվերթներ չի ընդունում, քանի դեռ ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ համաքաղաքացիների տարհանում են իրականացնում Աֆղանստանից:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորն ավելի վաղ հաղորդել է, որ Աֆղանստանի շուրջ 10 միլիոն երեխա հումանիտար աջակցության կարիք ունի: