ՀՀ քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով համաներում է հայտարարվելու պատերազմի ժամանակ դատապարտված եւ հետախուզվող անձանց նկատմամբ։
Համաներումը կտարածվի 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա:
Ըստ քննչական կոմիտեի՝ պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»:
Նախագծում նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ համաներումը կիրառվում է նաեւ մինչեւ այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2022-ի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, դատարան։