Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։
Նա շեշտել է, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում է արտառոց պայմաններում: «2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում քննարկում ենք կառավարության ծրագիրը»,- ըստ «Արմենպրես»-ի՝ ընդգծել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՀՀ-ն ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում է, մի կետում, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության եւ պետականության համար: