2020 թվականին Գյումրին եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլեն ճանաչվեցին քույր քաղաքներ՝ հիմք դնելով մշակութային եւ տնտեսական համագործակցության, որի մեկնարկը տրվեց օգոստոսի 22-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում տեղի ունեցած համերգով։
Բեմում էր Գերմանիայի Հալլե քաղաքի «Արս Մուզիկա» տղամարդկանց երգչախմբը։ Համերգային ծրագիրը կրում էր «Բարեկամություն» խորագիրը։ Հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորների, ինչպես նաեւ Կոմիտասի ստեղծագործությունները։
Նույն երգչախումբը՝ դեռ պատանի կազմով, Հայաստանում եղել էր 1989 թվականի Սուրբ Ծննդյան տոներին՝ ի նշան համերաշխության եւ աջակցության ավերիչ երկրաշարժից տուժած հայերին։
Հետո էլի այցեր եղան, որոշ ժամանակով ընդհատվեցին։ Կապը վերականգնելու համար Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը քայլեր ձեռնարկեց։ Քույր քաղաքների մշակութային համագործակցության շրջանակում «Արս Մուզիկա» տղամարդկանց երգչախմբի համերգը վերստին կազմակերպելու համար պատվո հյուպատոսը դիմեց ընկերոջը՝ Գերմանիայի Ռոթարի ակումբի անդամ Տորստեն Վայսին։ Երգչախմբի այցը Գյումրի շատ արագ կազմակերպվեց։ Հյուրերը դատարկաձեռն չէին գալու։
«Երբ հարցրեցին՝ ի՞նչ բերենք, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ խորհրդակցելուց հետո ցանկալի նվերների շարքից մեր ընտրությունը կանգ առավ տավիղի վրա։ Ասացի՝ թեկուզ օգտագործվածը բերեք, բայց պարզվեց օգտագործված տավիղ չի լինում, տավիղը մեծանում է երաժիշտի հետ։ Մուրիել Միրաք Վայսբախի հիմնադրամի, Հալլեի եւ Գյումրիի Ռոթարի ակումբների աջակցությամբ, «Արս Մուզիկա» տղամարդկանց երգչախմբի Հալլեի համերգներից գոյացած հասույթով գնվեց տավիղը, որն այժմ բեմի վրա է՝ պատրաստ առաջին փորձարկման»,-ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը։
Նոր ու գեղեցիկ տավիղը՝ Վեներան, Գյումրիում առաջին անգամ անզուգական հնչողությամբ հիացրեց հանդիսատեսին։ Կոնսերվատորիայի Տավիղ նվագարանի բաժնի ուսանողուհուի Հասմիկը նվագեց նոր տավիղով։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը համերգից ոգեշնչված էր։ Ասում էր՝ համերգը հայ- գերմանական մշակութային հարաբերությունների զարգացման հրաշալի օրինակ է։ «Սա նաեւ համատեղ աշխատանքի գեղեցիկ օրինակ է։ Երաժշտությունը հզոր ուժ է, որը կամրջում է հայերին ու գերմանացիներին»։
«Արս Մուզիկա» տղամարդկանց երգչախմբի նախագահ Թորսթեն Վայսը Գյումրիում կայացած համերգը համարում է խաղաղության ու նվիրումի ուղերձ հայ ժողովրդին։ Մշակութային առումով նա երկու քաղաքների՝ Հալլեի եւ Գյումրու մեջ նմանություններ է տեսել։ Պարոն Վայսը խոստացավ հետագա փոխադարձ այցերով նպաստել հայ եւ գերմանական մշակույթների տարածմանը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գրյուխենբերգն էլ հիացած է Կոմիտասի երաշժտությամբ։ Սկզբում մարտահրավեր է համարել Կոմիտասի պարզ, բայց միեւնույն ժամանակ խորքային ստեղծագործությունների կատարումը․«Բայց ընկերացանք այս հոգեցունց հնչյուններին»։
Համերգը կայացած է, Գյումրին էլ արդեն տավիղ ունի։ Ալեքսան Տեր-Մինասյանը, սակայն, գործն ավարտված չի համարում․«Պետք է արտասահմանից մասնագետներ հրավիրել ու վարպետության դասեր կազմակերպել»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։