ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի՝ 2021-ի օգոստոսի 25-ից մինչեւ նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները հավաքների անցկացման ժամանակահատվածում զինծառայողներ են համարվում:
Ըստ այդմ, ՊՆ-ն հիշեցրել է, որ հավաքների ամբողջ ժամանակահատվածում հավաքների մասնակիցները պարտավոր են պահպանել օրենսդրական եւ այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները։
Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացրել եւ հորդորել է, որ ի թիվս վերոնշյալ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս չվերցնեն սմարթֆոն, օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման եւ համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ: