ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում «Ալմազ-Անտեյ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը հայտնել է, որ թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը զենիթահրթիռային համալիրների համար հեշտ թիրախ է։
Կոնստրուկտորը հավելել է, որ «Բայրաքթարը» տիպային ու մեծ թիրախ է զենիթահրթիռային համալիրի համար։ Փաստացի դա 650 կիլոգրամ քաշով ինքնաթիռ է, որը շատ խոցելի է, քանի որ բավականին դանդաղ է թռչում:
Սոզինովը նշել է, որ «Բայրաքթարի» դեմ պետք է պայքարել այն միջոցներով, որոնց «ձեռքի երկարությունը» գերազանցում է անօդաչու թռչող սարքի հեռահարությունը: Ռուս կոնստրուկտորը պարզաբանել է, որ «Բայրաքթարը» պետք է ժամանակին նկատել, ինչը խնդիր չէ, եւ խոցել նախքան այն պահը, երբ «Բայրաքթարը» կհասցնի կիրառել սեփական սպառազինությունը:
«Ալմազ-Անտեյ» կոնցեռնը ռուսական առաջատար ընկերություն է՝ օդա-տիեզերական գրոհի ցանկացած միջոցների դեմ պայքարի համակարգեր ստեղծելու առումով։ Կոնցեռնը ստեղծել է այնպիսի հայտնի զենիթային համակարգեր, ինչպիսիք են «Տորը», «Բուկը», S-400-ը։