Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողները ԱԺ օթյակում բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների դեմ։
Նրանք տարբեր գրություններով պաստառներ են պահել․ «Նիկոլ Փաշինյան, էլ լրագրող չես», «Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք» եւ այլն։
Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձել են խոչընդոտել ակցիան, նշելով, որ ԱԺ օթյակը ակցիա իրականացնելու տեղ չէ, բայց լրագրողներն ընդդիմացել են, նշելով, որ բոլոր հնարավոր ձեւերը կիրառելու են իրենց ձայնը տեղ հասցնելու համար։
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լրագրողներին հայտնել է, որ մտադիր է սահմանափակումների թեմայով լսումներ կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։ Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։
Առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույց անել օրենսդիրների հետ:
Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի սահմանափակումները: