Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ժնեւում մեկնարկել է Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետը նիստի բացմանը հայտարարել է, որ մի շարք վստահելի աղբյուրներից տեղեկություններ է ստացել թալիբների վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների, առանց դատավճռի մահապատիժների եւ կանանց իրավունքների ոտնահարման մասին։
Հանձնակատարը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հորդորել է կոշտ եւ վճռական քայլեր ձեռնարկել՝ նոր իշխանությունների օրոք Աֆղանստանում մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ չտալու համար։
Աֆղանստանի հարցով ավելի ուշ արտահերթ հանդիպում կանցկացնեն նաեւ «Մեծ յոթնյակի» պետությունները։ Մասնակից մի շարք երկրներ չեն բացառել, որ քննարկման կարող է դրվել նաեւ թալիբների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։