ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ 10 օրում Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս է հանել մոտ 58700 մարդու:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտնել է, որ Քաբուլից օգոստոսի 23-ի՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ի 11:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 11:00-ն) գրեթե 21600 մարդ է տարահանվել։
«Օգոստոսի 14-ից մենք դուրս ենք տարել շուրջ 58 700 հազար մարդու, հուլիսի վերջից՝ 63900 հազար մարդ»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է նա:
6 առեւտրային ընկերության 18 ինքնաթիռ
Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ լոգիստիկայի հարցերի պատասխանատու, գեներալ Հենք Թեյլոր հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 6 առեւտրային ընկերության 18 ինքնաթիռ:
«Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում, ինչպես նախկինում, նախապատվությունը տրվում է ռազմական ինքնաթիռներին»,- ասել է ամերիկացի գեներալը: Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը որոշել էր Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար գործի դնել քաղաքացիական ավիացիան:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ:
Տարհանումը դժվար եւ ցավոտ է լինելու
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թիմը քննարկում է ամերիկյան բանակի՝ Աֆղանստանից դուրս գալու ժամկետը երկարաձգելու հարցը, որը նախատեսված էր մինչեւ օգոսոսի 31-ը՝ այսպիսով հնարավորություն ստեղծելով քաղաքացիներին, օտարերկրացիներին եւ վտանգված աֆղանցիներին երկրից ապահով դուրս բերելու համար։
«Թույլ տվեք հստակ ասել, որ Քաբուլից հազարավոր մարդկանց տարհանումը դժվար եւ ցավոտ է լինելու», — ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր վարչակազմը մտահոգված է օդանավակայանում «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքներից։
CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը օգոստոսի 23-ին փոխել է Քաբուլի միջազգային օդանավակայան անձանց թույլ տալու քաղաքականությունը: Այժմ օդանավակայանի տարածք կթողնեն սոսկ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներին, ինչպես նաեւ գրին-քարտ ունեցողներին: Ամերիկացիները եւ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները կարող են իրենց հետ անցկացնել մերձավոր հարազատներին:
Միացյալ Նահանգներ հատուկ ներգաղթային այցագրի դիմում տված աֆղանստանցիներն այդ կատեգորիաների մեջ չեն մտնում: Ըստ CNN-ի՝ «Թալիբան» արմատական շարժման անդամներն օգնում են ամերիկացի զինվորականներին՝ ստուգելով օդանավակայան մտնել ցանկացողների փաստաթղթերը:
Ամերիկյան սպառազիությունն ու տեխնիկան կոչնչացվի
Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգված է «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների կողմից զավթված ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ հրթիռների առնչությամբ։
Թեեւ տեխնիկայի եւ սպառազինությունների քանակն աննշան է, բայց այն հարուցում է ԱՄՆ զինվորականների անհանգստությունը: Ընդ որում թալիբների համար, ըստ հեռուստաալիքի, դժվար կլինի օգտագործել ինքնաթիռները եւ ուղղաթիռները փորձառու օդաչուների բացակայության եւ սպառազինության տեխնիկական սպասարկման անհնարինության պատճառով:
Al Arabiya-ն նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունն սպասում է Աֆղանստանից տարահանումն ավարտելուն, որպեսզի որոշում ընդունի թալիբների ձեռքն ընկած սպառազիությունն ու տեխնիկան ոչնչացնելու գործողությունների իրականացման մասին: Քննարկվում է նաեւ պահեստներին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը: