Թալիբները մերժում են թուրք զինվորների միջամտությունն Աֆղանստանում, ռուսները բացառում են ամերիկյան զինվորների ներկայությունը Կենտրոնական Ասիայում։
Ըստ արաբական Shamshad News հեռուստաալիքի՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն թուրք զինվորներին չեն ցանկանում տեսնել Աֆղանստանում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ուզում ամերիկացի զինվորների տեսնել Կենտրոնական Ասիայում․ նրանց տեղակայումը երկիրը սպառնալիքների թիրախ կդարձնի։
Լավրովն ընդգծել է, որ ըստ Ռուսաստանի՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ ունեցած համաձայնագրերի՝ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրում արտաքին ուժերի տեղակայումը հնարավոր է միայն դաշնակից բոլոր պետությունների համաձայնության դեպքում։
ՌԴ արտգործնախարարը նշել է, թե խիստ կասկածում է, որ Կենտրոնական Ասիայի կամ որեւէ այլ երկիր շահագրգռված լինի թիրախում հայտնվելու՝ ամերիկացիների ինչ-ինչ նախաձեռնությունների իրագործման հետեւանքով։
ՀԱՊԿ անդամ պետությունները նախօրեին Աֆղանստանի շուրջ արտահերթ նիստ են անցկացրել եւ որոշել այս հարցում համաձայնեցնել իրականացվելիք քաղաքականությունը։
Քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին լրագրողները խնդրել են մեկնաբանել տեղեկությունը, ըստ որի Պուտինը Բայդենի հետ Ժնեւյան հանդիպմանը հանդես է եկել Միջին Ասիայում եւ Աֆղանստանում ԱՄՆ ներկայության դեմ:
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնեւում իսկապես արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Նա հավելել է, որ կան մանրամասներ, որոնք չարժե հրապարակել։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ ճշմարտանման կամ ակներեւաբար ճշմարիտ տեղեկություններն անպայման չէ, որ մեկնաբանվեն Կրեմլի կամ ԱԳՆ-ի կողմից։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է պետությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների բանակցությունների բովանդակությանը: