ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է, որ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ընդհանուր առմամբ առաջին անգամ դպրոց կգնա շուրջ 37 հազար երեխա:
Անդրեասյանը նշել է, որ առաջին դասարանցիներն անցել են հայտագրման փուլը, ընդունելության վերջնական թվերը կճշգրտվեն: Փոխնախարարը հավելել է, որ ծնողները հայտագրումից հետո պայմանագիր կստորագրեն, իսկ հստակ թվերը կհրապարակվեն մինչեւ սեպտեմբերի սկիզբը:
Ուսուցումը դարձյալ օրումեջ
Ժաննա Անդրեասյանը նշել է նաեւ, որ դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է։ Սակայն դպրոցները կարող են դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն առ այն, որ հավուր պատշաճի կպահպանեն հակահամավարակային պայմանները եւ նախարարության ստուգումներից հետո անցնել ամենօրյա ռեժիմի։ Փոխնախարարը նշել է, թե մասնագետների կարծիքով կիսված դասարաններով ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։ Անդրեասյանը նշել է նաեւ, որ դպրոցն է որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով պետք է աշխատի։
Ովքեր կարող են չպատվաստվել
Փոխնախարարն ասել է, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավորումներ, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Նա նշել է, որ ուսուցիչների մեծ մասը գիտակցում է պատվաստման կարեւորությունը։
Նոր ուստարի, հին ու նոր եղանակներ
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» եւ «Արեւմտյան Հայաստան» եզրույթները՝ փոխարինվելով այլ ձեւակերպումներով։ Նա ընդգծել է, որ պատմության դասագրքերը չեն խմբագրվում։
Անդրեասյանը նշել է, որ Տավուշի մարզի որոշ դասարաններում փորձարկվելիք ուսումնական նյութեր կան, սակայն տարօրինակ են պատմության դասագրքերում որեւէ եզրույթի փոփոխության մասին լուրերը։