Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Վարդակ Ալհանաֆին հայտարարել է, որ «Թալիբան» արմատական իսլամական շարժման կարգադրության համաձայն այսուհետեւ կարգելվի ամերիկյան դոլարի եւ հին արժեքավոր առարկաների ցամաքով կամ օդով դուրս բերումը Աֆղանստանից:
«Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ նշված առարկաներից ցանկացածի բռնագրավման դեպքում տեղափոխողները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է Ալհանաֆին:
Ավելի վաղ աֆղանական եւ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, թե երկրի նախկին նախագահ Ղանին եւ կառավարության մյուս պաշտոնյաները հեռանալիս իրենց հետ տարել են նաեւ փող ու թանկարժեք իրեր, այդ թվում նաեւ հին արժեքավոր առարկաներ: Ղանին հերքել էր այդ տեղեկությունները՝ դրանք զրպարտանք որակելով: