ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ԿԳՄՍՆ-ն պաշտպանության նախարարությանը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել Տավուշի դպրոցների ուսուցիչների զորակոչման հարցին։
ԿԳՄՍՆ-ն դիմել է պաշտպանության նախարարություն, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։
Անդրեասյանն ընդգծել է, որ առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա, քանի ԿԳՄՍՆ-ն վերապատրաստել է Տավուշի ուսուցիչներին։ «Այսինքն շատ առանցքային ենք համարում, որ վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,- շեշտել է նա։
Փոխնախարարն ասել է, որ եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։ Նա հիշեցրել է, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։ Պաշտոնյան նշել է, որ, օրինակ, կարելի է ՆԶՊ-ն որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից եւ ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։
Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ՊՆ գործընկերների հետ պետք է խելամիտ լուծումներ գտնեն ուսուցիչների զորակոչման հարցում։