ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քննության առարկա կդառնան 2021-ի օգոստոսի 25-ի ՀՀ ԱԺ նիստի ընթացքում տեղի ունեցած եւ խորհրդարանի բնականոն աշխատանքը խոչընդոտած դրսեւորումները, որոնք զուգորդվել են անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով եւ բռնության գործադրմամբ:
Ըստ գլխավոր դատախազության՝ օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերեւույթ վկայում է ԱԺ առանձին պատգամավորների՝ օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաեւ՝ դրան հետեւող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազը հիշյալ տեսագրություններն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում
Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը քննարկելիս այսօր առավոտից ընդդիմության ու իշխանության միջեւ երկու լուրջ բախում է տեղի ունեցել. պատգամավորները ծեծել, քաշքշել, հայհոյել են միմյանց, իրար վրա ջրի շշեր շպրտել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում հայրենիքի դավաճան է անվանել պաշտպանության բոլոր այն նախարարներին, որոնց ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ձեռքի տակ եղած ջրի շիշը նետել է ելույթ ունեցողի ուղղությամբ: Դրանից հետո դահլիճում իրար վրա շշեր են նետել, քաշքշոց է սկսվեց:
Ազգային ժողովի նախագահը ընդմիջում է հայտարարել, ուղիղ հեռարձակումն անմիջապես անջատվել է, իսկ անվտանգության աշխատակիցներն անհապաղ լրագրողներին հանել են նրանց հատկացված վայրից, որտեղից տեսանելի է խորհրդարանի նիստերի դահլիճը։
Ընդմիջումից հետո դահլիճում արդեն շշեր չեն եղել, սակայն դա չի խանգարել լեզվակռվին ու բախումներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթից հետո իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին։ Նախքան անվտանգության աշխատակիցների հասնելը Վահե Հակոբյանին հարվածել են նաեւ Հայկ Սարգսյանը, Վահե Ղալումյանը եւ այլ իշխանական պատգամավորներ։
Իսկ ՔՊ-ականներ Նարեկ Գրիգորյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Արթուր Հովհաննիսյանը հարվածներ են հասցրել Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։ Քաշքշուկի ընթացքում վնասվել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը: Պատգամավորին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Իրավիճակը սրելու, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար ընդդիմությունն ու իշխանությունը մեղադրել են միմյանց:
Այսօր, մինչեւ ժամը 13-ը ելույթ է ունեցել ընդամենը 4 պատգամավոր, որոնցից ոչ մեկն ըստ էության չի անդրադարձել կառավարության հնգամյա ծրագրին: Նշենք, որ այդ ժամանակահատվածում սովորաբար կարող է ելույթ ունենալ առնվազն 15 պատգամավոր:
Ազգային ժողովի նախագահի առաջարկով այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 18-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:
ժողովրդավարության գլխավոր երաշխավորը չի՞ երաշխավորում
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անչափ մտահոգիչ է համարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Պաշտպանը խիստ դատապարտելի է անվանել երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ «մեծաթիվ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը»:
«Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը եւ ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձեւավորեն ճիշտ հանրային դիսկուրս եւ չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երեւույթների»,- նշել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը նաեւ խիստ մտահոգիչ է անվանել այն, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովման նպատակով վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ։ Նրա բնութագրմամբ՝ այդկերպ ստեղծվում է «խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն»:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ երկրի խորհրդարանը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է, պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը եւ ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին: