ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտնել է, որ սպառազինության մատակարարման գործարքի պայմանագրեր են ստորագրել ՌԴ ավանդական գործընկերներ Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը եւ Հնդկաստանը, Չինաստանն ու Մյանման։
«Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեեւն ավելի վաղ հայտնել է, որ «Армия-2021-ի» շրջանակում արդեն ավելի քան 2 միլիարդ եվրո արժողությամբ մոտ 20 գործարք է կնքվել։
Հրաժարվել է հին սպառազինությունից
Մոսկվայում ընթացող «Армия-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը եւս սպառազինության մատակարարման գործարք է կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ։ Մոսկվայում երեկ երկոյան այդ ցուցահանդեսին մասնակցելուց եւ ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, թե Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություն ձեռք բերելուց եւ ծրագրում է գնել նոր, որակյալ սպառազինություն:
Սպառազինության մոսկովյան ցուցահանդես է այցելել հայաստանյան երկու պատվիրակություն՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է մինչեւ օգոստոսի 28-ը Մոսկվայում ընթացքող «Армия-2021»-ին՝ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ» եւ այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:
Հետաքրքրված են S-400 ՀՕՊ համակարգերով
Դմիտրի Շուգաեւը մերձմոսկովյան Կուբինկայի զենքի միջազգային ցուցահանդեսում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին վաճառել S-400 «Տրիումֆ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր եւ «Պանցիր-Ս-1» տեսակի զենիթա-հրթիռային համալիրներ:
Շուգաեւը նշել է, որ Մինսկից հայտ ստանալու դեպքում ռուսական կողմը հաստատված կարգով կքննարկի «Տրիումֆների» եւ «Պանցիրների» խնդիրը եւ կարճ ժամկետներում պատվերը կկատարի:
Շուգաեւը շեշտել է, որ Բելառուսը մեծ հետաքրքրություն է դրսեւորում ռազմական նշանակության ռուսական արտադրության նկատմամբ: «Մեր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը հարաճուն զարգանում է եւ ուղղված է գործընկեր-երկրների պաշտպանունակության ամրապնդմանը»,- նշել է նա:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեեւն էլ հայտարարել է, որ մոտ ժամանակներս՝ մինչեւ այս տարվա վերջ, Թուրքիայի հետ «Տրիումֆ» S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման երկրորդ պարտավորագիր կստորագրվի:
Ռուսաստանը եւ Թուրքիան գնդի համակազմի համար S-400 զենիթահրթիռային համակարգերի պարտավորագիրը կնքել են 2017-ին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019-ի ամառ-աշնանը: