ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը բացարձակ անթույլատրելի է համարել օգոստոսի 25-ին Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում եւ տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը եւ օթյակից դուրս գալուն պարտադրելը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ այս դատապարտելի երեւույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, եւ անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։ «Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար»,- շեշտել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաեւ ԱԺ-ում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է եւ՛ հրապարակված, եւ՛ չհրապարակված տեսանյութերը, որոնցում երեւում է, որ զինվորականները լրագրողների հանդեպ կոպիտ վերաբերմունք են դրսեւորում: Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում, եւ որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից:
Տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով նրանց դուրս է հանում լրագրողների սենյակից: Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երեւում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ եւ անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որեւէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը, եւ առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը եւ ինքնուրույն դուրս գալ սենյակից:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների համար օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումներն արդեն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ԱԺ շենքի անվտանգության հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը, առաջացնում լրագրողական աշխատանքի խոչընդոտներ ու բացասական են ազդում լրագրության հեղինակության վրա հասարակությունում:
Լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է առավել երաշխավորված լինի հենց խորհրդարանում, որը երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է: Լրագրողների ազատ աշխատանքը խոսքի ազատության եւ հետեւաբար՝ պետության մարմինների եւ պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Խոսքը հավասարապես վերաբերում է նաեւ ԱԺ-ում օգոստոսի 24-ի եւ 25-ի միջադեպերի լուսաբանման հնարավորությանը:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները պետք է հաշվի առնեն, որ լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել. լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ բացառիկ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հստակ է. պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում ու մասնավորապես՝ օթյակում լրագրողների աշխատանքի խոչընդոտները։