Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին:
«Թուրք զինվորականները, հաջողությամբ իրականացնելով իրենց պարտականություններն Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչեւ օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:
Առաջարկը բարդ ընտրության առաջ է կանգնեցրել թուրքական կողմին: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Աֆղանստանում իրականացվող առաքելության շրջանակում դեռեւս զինվորականներ ունի Քաբուլի օդանավակայանում, որոնք առաջիկայում կհեռանան այնտեղից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, ավելի վաղ հայտարարել է, որ աֆղանական կողմի ցանկության դեպքում կարող է պահել ներկայությունն օդանավակայանում: Թուրքիան Աֆղանստանում թալիբների կողմից վերահսկողություն հաստատելուց հետո օդանավակայանում տեխնիկական ու անվտանգային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Թուրքական զորքերի դուրսբերումը կբարդացնի նման առաքելության հնարավորությունը: