Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ այսօր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչի հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, որոնց թվում՝ երեխաներ։ Russia Today-ի տվյալներով՝ ավելի քան 50 մարդ է վիրավորվել։ Fox News-ը հայտնել է, որ զոհվածների թվում առնվազն 3 ամերիկացի զինծառայող կա։
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, հաստատելով պայթյունի փաստը, նշել է սակայն, որ զոհերի թիվը դեռ հայտնի չէ։
Պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի հյուսիսային դարպասի մոտ, որտեղ պարեկություն են անում բրիտանացի զինվորականները:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով` Քաբուլի օդանավակայանի մոտ արդեն երկրորդ պայթյունն է որոտացել։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ին նախազգուշացրել են Քաբուլում ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին: