Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մասնավորապես էականորեն սահմանափակվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով։
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական զինծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը:
Պաշտպանը եզրակացրել է, որ գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ գյուղերում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու եւ աջակցելու հարցերում անփոխարինել աշխատանք են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:
Վերոնշյալ բոլոր փաստերը հաստատվել են գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեւանյան կենտրոնական եւ Սյունիքի մարզային ստորաբաժանում ներկայացվող ահազանգերով ու կատարված ուսումնասիրություններով:
ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պարտավոր են անհապաղ բացել ճանապարհն ամբողջությամբ, դադարեցնել հանցավոր արարքներով մարդկանց, քաղաքացիական բնակչության իրավունքների զանգվածային խախտումները։