ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը նշել է, որ տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է:
Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում՝ սահմանազատման գծի մոտ, արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:
Հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ։
«Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաեւ իրականացվող աշխատանքների անվտանգությունը»,- ընդգծել է Գրիգորյանը։
Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Ջրամբարում պահվելու են ստորգետնյա ու վերգետնյա քաղցրահամ ջրի պաշարները։