Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկիչների կազմակերպած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի: Բրիտանական Reuters գործակալության տվյալներով՝ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց 90-ն աֆղանստանցիներ են, որոնց թվում առնվազն 28-ը՝ թալիբներ, 14-ը՝ ամերիկացի զինծառայողներ:
Պայթյուններից հետո Քաբուլի օդանավակայանում եւ դրան հարող տարածքում քաոսային վիճակ է ստեղծվել:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի շուրջն ընկած տարածքը լեփ-լեցուն է մարդկանցով՝ չնայած Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հորդորներին՝ չփորձել ինքնուրույն հասնել օդանավակայան առանց ամերիկյան իշխանությունների կողմից հստակ հրահանգի եւ անհապաղ հեռանալ օդանավակայանի երեք հսկիչ անցակետերից՝ անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով:
Թալիբները եւ «Իսլամական պետությունը» միմյանց թշնամի են համարում
«Թալիբանի» ներկայացուցիչը՝ Զաբիհուլլահ Մուջահիդը, հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակումներն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները։ Ավելի վաղ ամերիկյան հետախուզության փորձագետներն ահազանգել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը սադրանքներ է ծրագրում Աֆղանստանում իրավիճակը սրելու նպատակով:
«Թալիբանի» ներկայացուցիչն ընդգծել է, որ թալիբներն ամերիկացի զինվորականներին նախազգուշացրել էին «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Թալիբները եւ «Իսլամական պետությունը» միմյանց թշնամի են համարում:
Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթյուններից առաջինը տեղի է ունեցել օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել:
Օդանավակայանի տարածքում աշխատող իտալական բարեգործական հիվանդանոցի բժիշկները հայտնել են մի քանի տասնյակ մարդկանց բուժօգնություն ցույց տալու մասին:
«Մենք ավելի շատ մարդիկ ենք կորցրել, քան ամերիկացիները»,- նշել է «Թալիբանի» ներկայացուցիչը: Միաժամանակ նա հայտնել է, որ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ժամկետների երկարաձգման համար պատճառներ չի տեսնում:
Մեղավորները պատասխանատվության կենթակվեն
Աֆղանստանում իշխանությունը ստանձնած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները։ «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը խոստացել է պատասխանատվության ենթակել մեղավորներին։
«Մենք համակ ուշադրություն ենք հատկացնում մեր ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը, եւ այս հանցագործության բոլոր մեղավորները հայտնաբերվելու են ու խստորեն պատժվեն»,- ընդգծել է Մուջահիդը։
ՄԱԿ-ը պատրաստակամ է օգնելու Աֆղանստանի ժողովրդին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակի առնչությամբ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել են ՄԱԿ-ի աշխատակիցներ: Դյուժարիկը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է օգնելու Աֆղանստանի ժողովրդին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետեւում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է ահաբեկչական հարձակումները, որոնց հետեւանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունության մասին, եւ դա ամրապնդում է մեր վճռականությունը՝ օգնելու Աֆղանստանի ժողովրդին»,- շեշտել է Ստեֆան Դյուժարիկը: