Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետեւանքները։
Նախ, ըստ վերոհիշյալ զեկույցի, Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր դրան նախորդած 80 տարվա ընթացքում։ 2002-ին Թուրքիայի ներքին ու արտաքին պարտքերը կազմում էին 243,1 միլիարդ դոլար, այժմ այն ավելացել է մոտ 2 տրիլիոն թուրքական լիրայով։
ԱԶԿ-ականները իշխանության եկան այն հռետորաբանությամբ, թե իրենք դեմ են բարձր տոկոսադրույքներին, քանի որ դրանք գնաճի պատճառ են դառնում։ Մինչդեռ իրենց իշխանավարման 19 տարվա ընթացքում պետական բյուջեից տոկոսների մարման համար վճարվել է 1 տրիլիոն 180 միլիոն թուրքական լիրա։
Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի գանձապետական պարտքի ֆոնդի 88 տոկոսը ձեւավորվել է հենց ԱԶԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում։