Ըստ նորվեգական Verdens Gang պարբերականի՝ Նորվեգիայի դատարանը առաջիկայում կքննի 2011-ի հուլիսին ահաբեկչական գործողության համար ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկի՝ ժամկետից շուտ ազատ արձակման հարցը։
Դրա մասին կալանավորը խնդրագիր էր ներկայացրել դեռեւս անցյալ տարվա աշնանը՝ կապված այն բանի հետ, որ այդ տարի լրացել էր դատավճռով բանտում մնալու նվազագույն ժամկետը։
Ահաբեկիչի պաշտպան Հեյսթեն Սթուրվիկն ասել է, որ դատախազությունը դեմ է ժամկետից շուտ Բրեյվիկի ազատ արձակման հարցի քննմանը, եւ որ նրան կալանքի տակ պահելու համար առ այսօր բոլոր նախադրյալները կան։ Փաստաբանը հավելել է, որ իր պաշտպանյալի՝ ժամկետից շուտ ազատ արձակման հարցը դատարանն, այնուամենայնիվ, կքննի այս տարեվերջին։
Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը հզոր պայթուցիկ սարք էր գործի դրել Օսլոյի կառավարական շենքերից մեկում, որի հետեւանքով զոհվել էր ութ մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ։
Նույն օրը Բրեյվիկը կրակ է բացել դեմոկրատական աշխատանքային կուսակցության երիտասրադ թեւի հավաքի մասնակիցների ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել էր 69 մարդ, 66 հոգի՝ վիրավորվել, հիմնականում անչափահասներ։
21 տարվա ազատազրկման դատապարտված Բրեյվիկի կալանքը կարող է մի քանի անգամ երկարացվել։ Նորվեգիայի իշխանությունները համարում են, որ ահաբեկիչը դեռեւս լրջագույն վտանգ է ներկայացնում հասարակության համար։