Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի նախկին ներկայացուցիչ Ստեֆանո Պոնտեկորովոն Messaggero պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ներկա փուլում թալիբներն ի վիճակի չեն «Իսլամական պետության» զինյալների դեմն առնելու, քանի որ զուրկ են կառավարման ինչ-ինչ կառուցվածքից։
Դիվանագետն ասել է, որ կառավարման կառուցվածքը վերականգնելու համար թալիբներից որոշակի ժամանակ կպահանջվի։ Ըստ նրա՝ թալիբներն առայժմ անգամ մարդկային ռեսուրսներ չունեն Աֆղանստանի տարածքի ամբողջական ու բացարձակ վերահսկողության համար։
Ստեֆանո Պոնտեկորովոն, որն այժմ զբաղվում է Աֆղանստանից քաղաքացիական անձանց տարհանման հարցերով, նշել է, որ Քաբուլի օդանավակայանի ահաբեկչական գործողություներն առայժմ դիպվածային բնույթ ունեն։ Նա ընդգծել է, որ Քաբուլը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կդառնա «Իսլամական պետության» եւ «Թալիբան»-ի բախման ասպարեզ։