«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ» շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Վեցերորդ պատմության հերոսը Պերճ Ավետիսյանն է: Ծնվել է 1985 թվականին Երեւանում: 2007-ին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2013-ին՝ «Գլաձոր» համալսարանի իրավագիտության բաժինը: Աշխատում է «ԻՎԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ ավտո-տեխսպասարկման սրահում որպես մենեջեր: 2020-ի սեպտեմբերի 29-ին զորակոչվել է բանակ: Հոկտեմբերի 22-ին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Մատաղիսի շրջանում: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին վերադարձել է Հայաստան: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Պերճի եւ նրա կնոջ՝ Գոհար Զալինյանի հետ զրուցել ենք Երեւանի Արաբկիր համայնքի իրենց բնակարանում:
Պերճ Ավետիսյան. Իրական վիճակը չգնահատող մարդ երբ մեծ-մեծ խոսում է, նման տեսակի մարդը պատերազմի դաշտում պարտվում է: Իմ խոսքս քաղաքական իշխանության հետ կարելի է ասել էդքան էլ կապ չունի, ինչքան ռազմական գործիչների հետ, որ մեծ-մեծ խոսող ռազմական գործիչը գնում է պարտության: Այ խելացի ռազմական գործիչը, համեստ, խորհող, հանուն խաղաղության բանակը զարգացնող, խաղաղությունը պահպանող, բանակը զարգացնող ռազմական գործիչը պատերազմի պարագայում հաղթում է: Այ դա կուզեմ, որ շեշտվի էլի, հասարակությունը մարդկանց տարբերի: Թե իրականում մեծ-մեծ խոսողը ոնց է ռազմի դաշտում փախնում:
Սեպտեմբերի 27-ին, առավոտ շուտ, ֆեյսբուքը որ բացեցի, ընկեր ունեի, ինքը գրել էր, որ «հաղթելու ենք»: Ասում եմ՝ «ինչի՞ մասին ա խոսքը գնում», անմիջապես տակը գրեցի: Բա՝ պատերազմ ա սկսվել: Ես անմիջապես Ղարաբաղ զանգահարեցի, էնտեղ ծանոթ ունեի, բա ասեցի էդ լուրերը իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Բա ասեց հա, իսկապես պատերազմ ա սկսվել, ռմբակոծում են: Զանգահարեցին՝ բա ներկայացի, թաղապետարանից, քո ծանուցագիրն ա եկել: Մայրիկն էր խոսում էդ ժամանակ: Ասի՝ մամ, ի՞նչ ա եղել, բա ասում ա՝ զանգահարեցին, քեզ կանչում են, որպեսզի ներկայանաս էլի, գնա էդ թուղթը վերցրու: Ես անմիջապես գնացի էդ թուղթը վերցրեցի, ու հավաքակայան… էդ Րաֆֆի դպրոցի մոտ: Այդտեղ գնացի: Բայց էդ օրը ինձ չտարան: Ամսի 28-ին արդեն կարելի ա ասել իմ հրամանագիրս եկել էր, ամսի 29-ին զանգահարեցին, տենց մոտավորապես 12-ի կողմերը, բա ներկայացի, որ ավտոբուսը արդեն շարժվում ա: Ես ներկայացա, տենց ուղիղ, ընդեղ արդեն ինձ Հոռաթաղ տարան, Ներքին Հոռաթաղ: Հետո հաջորդ օրը՝ Մատաղիս, առաջի գիծ:
Գոհար Զալինյան. Մի փոքր վախ կար: Ձեռերս մի քիչ սկսեց դողալ, հետո ինձ հավաքեցի, ասեցի՝ չպիտի իմանա, որ ես էդ պահին վախեցա: Շորերը դրեցի, նույնիսկ հաց չկերավ ինքը: Ասի գնա, ասի հաղթած հետ կվերադառնաս: Ասեց՝ ինչի՞, որ չհաղթե՞մ: Ասեցի՝ միեւնույն է, հետ ես գալու, բայց կուզեի հաղթած հետ վերադառնայիր:
Պերճ Ավետիսյան. Ողբերգություններով լի մի… Տեսարաններ նկատեցի մարտի դաշտում: Նկատեցի անգրագիտություն: Նկատեցի անգամ էդ ամբողջ էդ պրոցեսի ընթացքում դավաճանություններ: Նահանջ հրամանից հետո, երբ որ արդեն զորքը դուրս էր գալու, մենք ոնց որ զորքի պոչը կորցնելով, չհասցրեցինք էլի զորքի հետեւից, այդպես ընկանք շրջափակման մեջ, հետո էդ տեղանքի մասին գրեթե պատկերացում չունենալով, թե ինչպես պետք է գնանք, որպեսզի էդ շրջափակումից դուրս գանք: Մոտավորապես 20 օր մնացել ենք շրջափակման մեջ: Հոկտեմբերի 22-ին, որ արդեն մենք գերեվարվեցինք: Որովհետեւ եկան, արդեն զորամասը գրավեցին, եւ մենք, այդ օրը բավականին կատաղի կռիվ եղավ, բայց հետո մենք գերեվարվեցինք: Ութ հոգով մենք, ութ ընկեր էինք այդտեղ, ութ հոգով էլ գերեվարվեցինք: Կարելի է ասել Մատաղիսի էդ վերջին ութ հոգին մնացել էր այդտեղ:
Գոհար Զալինյան. Կոդերով էինք խոսում իրար հետ: Ես իրան մինչեւ տանից դուրս գալն էլ ասեցի հանկարծ տեղանքդ չասես, որովհետեւ չգիտենք՝ ինչ են անելու: Մի գուցե լսեն, չլսեն: Արի կոդերով կխոսենք: Սկսեցինք կոդերով խոսել, ես արդեն հասկացա, որ ինքը Մատաղիսում է, ու դեռ առաջնագիծ չէին տարել իրենց: Հոկտեմբերի 1-ին ինձ զանգ տվեց: Երեկոյան ժամը 5-ի-6-ի կողմերն էր, ասեց՝ Գոհար, մեզ տանում են: Էլի կոդերով հասկացրեցի՝ առաջնագի՞ծ: Ասեց՝ հա: Ասի՝ զգույշ կլինես: Ու ես արդեն կրակոցներ լսում էի հեռախոսով: Ասեցի՝ Պերճ, կարո՞ղ ա ձեզ արդեն տարել են: Ասեց՝ չէ, մենք գնում ենք: Ուրեմն էդ ժամանակ իրենք ճանապարհին էին, բայց իրենց զորքը ցրել էին մի քանի ուղղություններով, ինքն էլ չգիտեր ուր են տանում իրենց: Չէին պատկերացնում, որ իրենց հենց առաջնագիծ կտանեն: Ու դրանից հետո էլ ես զանգ չստացա:
Պերճ Ավետիսյան. Էդ ամսի 22-ին, որ իրենք արդեն զորամաս մտան, էդտեղ փոխհրաձգություն եղավ: Մոտավորապես 40 րոպե: Ընդեղ մարդ գնաց: Մենք բունկերում էինք: Հետո ուրեմն մեր տղաներից մեկը, ինքը բանակցության մեջ մտավ, էդ արդեն որովհետեւ մեր փամփուշտները վերջանում էին, գրեթե փամփուշտ չէր մնացել, որոշ մարդիկ էլ, որոշ զինվորներ մեր մոտից, մեր ընկերներից երեք հոգի մոտավորապես արդեն վիրավորվել էին: Բեկորային վնասվածք եւ այլն:
Էդ բանակցության ընթացքում մենք… առաջարկ եղավ, մեր ընկերոջ կողմից էր, հետո մենք էլ համաձայնվեցինք, որ խնդրեց, որ մեր զոհվելու պարագայում մեր դիակները թույլ տան ուղարկել ընտանիքներ, այսինքն, որպեսզի մեր մայրերը կարողանան… չկորցնեն մեզ էլի, որ մենք այսպես ասած գերեզման ունենանք: Բայց այն տղան ասեց, որ ես չեմ ուզում սպանել ձեզ: Ես չեմ ուզում: Անգամ էդ ադրբեջանցի տղեն իր զենքը վայր դրեց, հենց ինքը վայր դրեց, առաջ եկավ, ասեց՝ տես, ես ուզում եմ, որ վերջանա, դուք կգերեվարվեք, կվերցնենք ձեզ, հետո կվերադարձնենք ետ:
Այդպես եղավ: Հա, սկզբից բավականին, մենք ասում էինք որ ստեղ ամբողջությամբ ռմբապատված ա, ոնց որ մենք էսա կպայթացնենք եւ այլն, եւ այլն, բայց բավականին կազմակերպված էր այդտեղ: Սենց երեք շարք կանգնած էինք, որ ով հանկարծ առջեւից զոհվեր, մյուսը առաջ գնար իր տեղը զբաղեցներ, հետո փամփուշտներն էին մատակարարում եւ այլն, մի հատ Նարեկ ունեինք, ինքն էր արագ լցնում, փամփուշտներն էինք մատակարարում: Այդպես դա էլ գործողությունների ընթացքն էր, էդ կռիվն էր մոտավորապես: Դե երբ որ արդեն փամփուշտը վերջացավ, էլ մենք որեւէ բան չունեինք անելու:
Անգամ որ կանգնեցրել էին մեզ այդտեղ, էդ կանգնեցրած տեղը մեկը ինձ եւ ընկերոջս թվում էր, որ էսա մեզ գնդակահարելու են: Բայց չարեցին… Կարելի ա ասել՝ վերցրեցին տարան: Ձերբակալեցին: Կարելի ա ասել այդպես: Տարան Բաքու:
Հա, այդտեղ ծեծ ու ջարդ ա եղել Բաքվում իհարկե: Բայց դա մոտավորապես 7 օր տեւեց: Յոթ օր հետո, որ էդ ընդհանուր տեղը տարան, այդտեղ արդեն չկար, ծեծուջարդ չկար, էնտեղ չէին ծեծում, օրը երեք անգամ սնունդ էին տալիս, եւ տենց 53 օր մնալուց հետո, 53-րդ օրը ասեցին, որ դուք, ձեզ արտահանձնելու ենք: Դեկտեմբերի 14-ին մեզ ռուսների միջնորդությամբ արտահանձնեցին Հայաստան:
Գոհար Զալինյան. Հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 8-ի կողմերն էր, իր աշխատանքային տնօրենը ինձ զանգ է տալիս, բա՝ Գոհար, Պերճից լուր ունե՞ք: Ասեցի՝ ոչ, չունենք: Ասեց ես քեզ վիդեո եմ ուղարկում, բայց պինդ բռնվի: Ասեցի՝ ի՞նչ է եղել: Ասեց՝ ուղարկում եմ, նայի: Ասի՝ գերի՞ ա: Միանգամից հարց տվի: Ասեց՝ ես կուղարկեմ, դու նայի: Ու ես նայում եմ, տղաս քնած էր, ու տանը մենակ եմ, նայում եմ ու աչքերիս ես չեմ հավատում: Նորից եմ նայում: Նորից եմ նայում: Իրանք սենց բոլորը սափրված չէին, լավ թրաշներն էկած էր, ու չգիտեմ, ես մի պահ չէի հավատում: Նայում եմ՝ հայկական զորանոց է վրան գրած, ասում եմ իրանք հայկական զորանոցում են, ո՞նց կարան գերի լինեն, ու սենց չգիտեմ, ես մի պահ թուլացա, սկսեցի լավ լացել, ձայնով, առաջին անգամ իմ 36 տարվա մեջ ձայնով եմ լացել: Ու միանգամից զանգ տվեցի Պերճի ընկերոջը, ասի՝ Ռոբերտ, նման բան է եղել: Ասեց՝ Գոհար, պինդ էղի, հիմա գալիս ենք: Հետո եղբորս եմ զանգահարել: Մինչեւ այդ իրա տնօրենը, մինչեւ իրենք գալիս են, տնօրենը ինձ զանգահարում է, բա քեզ հիմա կզանգահարի Արտակ Զեյնալյանը, իրա հետ արդեն կորոշեք ինչ եք անում: Հենց այդ օրը գիշերը Արտակ Զեյնալյանը ինձ զանգ է տալիս, միանգամից Եվրադատարան, Մարդու իրավունքների Եվրոդատարան դիմում ենք ուղարկում, Միջազգային կարմիր խաչ ենք ուղարկում, ու ես դիմումիս մեջ անգլերենով ներկայացնում եմ իմ կարգավիճակը, ընտանեկան կարգավիճակս, ու պահանջում եմ, որ Եվրոպական կառույցների հսկողության տակ լինի իր կյանքը եւ առողջությունը, վտանգ չսպառնա, ես ոչ մի տող չեմ գրել հետ վերադառնա, որովհետեւ դա աբսուրդ էր, պահի լրջությունը լավ հասկանում էի, չէի կարող նման բան ցանկանալ:
Երկու օր հետո Եվրոպայից ինձ նամակ եկավ, արդեն հասկացանք, որ իրենց հսկողության տակ է ամեն բան, իրենք գիտեն նման մարդ կա, ինքնությունները արդեն պարզված է ութ հոգու… Իրանք ությակ են կոչվում: 3+5 փաթեթով էին, իրենց անունները ոչ մի տեղ չկար: Ութի անունը ոչ մի տեղ մենք չենք տեսել: Երեք պլյուս հինգ փաթեթ էր:
Պերճ Ավետիսյան. Ամեն դեպքում, ինչ էլ որ եղել է, ես միշտ հավատացած եմ եղել, որ հայը հային երբեք չի թողնի: Բան չունեմ ասելու, հայ դավաճան էլ կա, հայ տականք էլ կա, բայց դա բոլորին չի վերաբերում իհարկե: Եվ լավ հայ էլ կա, որը մեծ արժեք է: Եվ Հայաստանի Հանրապետության, եւ մանավանդ աշխարհի համար, այդ հավատը ինձ ստիպել է, որ ես հույս ունենամ, որ հետ եմ վերադառնալու: Որ հայը հային երբեք չի թողնի, ինչ ուզում ա լինի, թեկուզ մեկ տարի էլ մնայի այնտեղ, բայց միեւնույն է, ետ էի վերադառնալու:
Նոյեմբերի 9-ին ինձ հնարավորություն տվեցին, որպեսզի զանգահարեմ տուն, իր տարեդարձի կապակցությամբ, կնոջս տարեդարձի կապակցությամբ: Այդ օրը կինս ասեց, որ մենք երկվորյակ ենք ունենալու:
Գոհար Զալինյան. Եկավ ժամը 4-ի կողմերն է, ինձ զանգ է գալիս, ու սենց միանգամից ձեռքերս դողալով պատասխանում եմ, ու գիտեի արդեն ինքն է, սենց, չգիտեմ, արդեն դեռ «ալո» չասած արցունքներս գնում էր: Որ չասեց՝ Գոհար, Պերճն է, ես էդ մի պահ չկարողացա խոսել, սենց չգիտեմ, ոչ լացում էի, ոչ ծիծաղում էի, մի պահ կարծես շոկ էի ապրում: Քարացել էի: Ասեցի՝ հա, Պերճ, լսում եմ: Ինքը նախ ասեց՝ ես Բաքվում եմ, գերի եմ, իր կարգավիճակը ներկայացրեց: Ասի՝ գիտեմ, Պերճ, մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին: Ասի՝ հուսով եմ ամեն ինչ լավ է, նորմալ է, ես չհարցրեցի՝ ձեր վիճակը այդտեղ ինչպե՞ս է, որովհետեւ արդեն հասկացա, որ իրեն լսում են:
Պերճը ասեց՝ քո հղիության վիճակը ինչպե՞ս է: Ասեցի՝ Պերճ, զույգ բալիկներ ենք ունենալու, դեռ սեռը մենք չգիտեինք: Էնպես ինքը ուրախացավ: Ես արդեն պատկերացնում եմ իրա ուրախությունը էլի այնտեղ: Երեւի թռվռում էր, թռչկոտում էր:
Պերճ Ավետիսյան. Մոտավորապես նոյեմբերի 20-ից հետո իրենք սկսեցին ակնարկել, որ «скоро будете дома»: Միշտ էդ բանը, մի անգամ մտավ ու ասեց «скоро будете дома», ու երբ էդ խուցի դուռը բացում էին, ասում էին՝ լավ կլինի բան եւ այլն: Հա, իրենք ակնարկներ անում էին, որ ձեզ հետ ենք ուղարկելու: Հետո մի պահ էկավ, մի հատ տղա էր, որ ինձ հետ խոսում էր, սկզբից մշակույթի մասին էր խոսում, հետո հարց տվեցի, ասացի՝ բայց դուք մոտավորապես ե՞րբ հետ կուղարկեք էլի մեզ, հետ, Հայաստան ե՞րբ կուղարկեք, որովհետեւ ես հավատացած եմ, որ դուք օրենք չեք խախտի: Ինքն էլ ինձ մի քիչ սենց քմծիծաղով ասեց՝ դուք էստեղ ում էք ընդհանրապես պետք, որ մի հատ էլ պահենք էլի ձեզ:
Գոհար Զալինյան. Երբ որ արդեն դեկտեմբերի 14-ին իմացանք ինքնաթիռ է գալիս, ես արդեն սպասում էի Պերճին: Բոլորը գնացել էին օդանավակայան: Իմ տալն էր, տալիս ամուսինն էր, Պերճի ընկերներն էին, եղբայրս էր: Ասում էին՝ դեռ ցուցակ չկա, ոչ մեկս չգիտի՝ ինքնաթիռում քանի հոգի է, ընդամենը գիտենք 44 հոգի են գալիս: Ու ոչինչ մենք չգիտենք, ցուցակ չգիտենք:
Ու էդ ժամանակ, ինքնաթիռը հենց վայրէջք է կատարում, ես ուղիղ եթերով նայում եմ, ու իմ հեռախոսին զանգ է գալիս: Անծանոթ համար: Ասի՝ էս հաստատ Պերճն ա: Վերցրել եմ՝ Գոհար, ես Հայաստանում եմ:
Պերճ Ավետիսյան. Դեկտեմբերի 14-ին հանկարծակի եղավ: Առավոտ շուտ եկան, ասեցին, որ լողացեք, բան, պատրաստվեք, արդեն մեզ թվաց, որ մեզ այստեղից պիտի տեղափոխեն, կամ պիտի տեղափոխեն, կամ պիտի Հայաստան ուղարկեն: Իջացրեցին, մեքենաները նստացրեցին: Ընկերս կողքս էր, ասում էր՝ ո՞ւր ենք գնում Պերճ, ո՞ւր են տանում: Ասի՝ չգիտեմ ուր են տանում… Բայց մեզ ասել էին, որ արդեն… հասկացրել էին, որ ձեզ հետ ենք ուղարկում: Արդեն որ օդանավի ձայնը լսեցի, ասեցի՝ ո՞ւր ենք գնում, տո՛ւն ենք գնում:
Օդանավի ձայնն ա: Ձեռքերս բացեցին, ասեցին՝ դե գնա նստի օդանավը, վազի օդանավ: Էդ ոստիկանն ասեց՝ գնա օդանավ: Ասեց՝ «быстро иди домой»: Վազելով գնացի օդանավ: Նստեցի: Արդեն ռուսական զորքն էր, խաղաղապահ ուժերն էին: Օդանավում նստեցի իմ տեղը: Տենց անցավ մոտավորապես մեկուկես ժամ: Ինքնաթիռը թռավ: Բայց անգամ ինքնաթիռի մեջ ասում էի՝ հանկարծ ինքնաթիռից մեկին չիջացնեն, էլի:
Մինչեւ ինքնաթիռը չթռավ, անհանգստություն կար մոտս, որ էսա կարող ա մի պահ գա, ասեն հետ ենք տանում, հետ իջի: Օդանավը թռավ, արդեն ասեցի վերջ՝ Հայաստան եմ: Հայաստանում ենք: Հայաստան գալով արդեն կարելի է ասել անմիջապես վերականգնվեցի: Ուրիշ ոգեւորություն էր, ազատություն էր:
Ուրբաթ օրն եմ եկել, շաբաթ օրը հանգստացել եմ, կիրակի, երկուշաբթի օրվանից վերադարձել եմ աշխատանքի: Այսպես կարելի է ասել հա՝ հենց Բաքվից էկա, միանգամից գնացի աշխատելու: Իմ աշխատանքս պահպանվել էր: Շատ լավ էր: Անգամ իրենք օրենքով սահմանված կարգով իրենց պարտավորությունները կատարել էին իմ ընտանիքի հանդեպ: Դա ավելի ինձ պարտավորեցրեց, որպեսզի շատ ավելի նվիրված աշխատեմ էդ կազմակերպության համար: Պարտադիր Հայաստանում պետք ա ապրեմ: Ես հետո Հայաստանից շատ քիչ եմ դուրս եկել: Հայաստանից գրեթե դուրս չեմ եկել ես: Մի անգամ ծառայության ընթացքում եղել եմ Սանկտ Պետերբուրգում, 2008 թվկանին, երկրորդ տեղը որպես օտար երկիր Ադրբեջանն ա եղել: Բաքվում: Գերեվարել տարել են Բաքու: Էդ առանց իմ ցանկության էլի: Երկրորդ բանը, քաղաքը էդ ա եղել, ես ուրիշ Հայաստանից… անգամ Ղարաբաղ չէի գնացել, երբեք: Ղարաբաղ պատերազմի ժամանակ եմ գնացել, մինչեւ էդ չեմ գնացել Ղարաբաղ:
Կապ չունի, պատերազմում դու հաղթում ես թե ոչ, բայց պատերազմը, անգամ հաղթանակից հետո, բազում ընտանիքների պատերազմը տառապանք է պատճառում: Զավակների կորուստ, ամուսինների կորուստ, հայրերի կորուստ: Որդին իր հորն է կորցնում, դուստրը իր հորն է կորցնում… Ուղղակի հաղթանակի դեպքում, քանի որ էդ ոգեւորությունը մեծ է, սովորաբար ժողովրդի մի լայն զանգված չի փորձում, արդեն հասարակությունը չի նկատում էդ… այն ընտանիքի տառապանքը, ով զավակ է կորցրել, կամ որեւէ մեկին ընտանիքի անդամներից կորցրել է:
Պարտության պարագայում անգամ, երբ մարդիկ խուսափում են էդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնելուց, էդ պարտությունից դասեր չքաղելու էդ ընդունակությունը, որ սովորաբար մեր հայ հասարակությունը ունի, դա մեր արատն է, էդ դասեր չքաղելու ընդունակությունը, շարունակ մեզ մոտ պատմությունը կրկնվում է, հայ ժողովրդի մոտ սովորաբար պատմությունը կրկնվում է, որովհետեւ մենք անգամ էս պատերազմից հետո մենք հղում ենք անում, որ 100 տարի առաջ նույն դեպքը տեղի ունեցավ, բայց էդ 100 տարի առաջ էդ դեպքը, որ տեղի էր ունեցել, մենք չենք փորձել էդ դեպքերից, էդ ողբերգությունից դասեր քաղել: Եվ քանի դեռ մենք էդ մեր բոլոր սխալ քայլերը չենք փորձել վերլուծել, շարունակ մեր պատմությունը, էդ ողբերգությունը շարունակ կրկնվելու ա մեզ համար: Որովհետեւ շարունակ գնալու ենք նույն ճանապարհով, մի պահ լավ է լինելու, հետո էլի վատանալու է, նույն սխալը նորից կրկնվելու է: Այ էդ երեւույթի, շարունակ էդ սխալ պահվածքի կրկնությունը, էդ սխալների կրկնությունը բերում է հայ ժողովրդի համար մի մեծ ողբերգություն: Անգամ հայրենիքի կորուստ: