Ստամբուլահայ 50-ամյա լողորդ Շանթ Էբեմկրյանն օրերս արժանացել է «Միջաշխարհամասային լողորդ» կոչմանը՝ 54 րոպեում (00:54:04) Բոսֆորի նեղուցի մի ափից հասնելով մյուսը:
Ստամբուլում 32-րդ անգամ կայացել է Բոսֆորի լողի միջաշխարհամասային մրցույթը, որին մասնակցել է 2500 լողորդ աշխարհի 55 երկրներից։ Թուրքիայի Օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ այս տարվա մասնակիցներից 668-ը կին էր, 1797-ը՝ տղամարդ, ընդ որում լողորդներից 1210-ը օտարերկրացի էր, 1222-ը՝ Թուրքիայից: Բոսֆորի լողի մրցույթը հատկանշվում է նրանով, որ տարբեր ազգերի հազարավոր ներկայացուցիչներ կարճ ժամանակում մի աշխարհամասից լողալով հասնում են մյուսը: Մրցույթից առաջ կազմակերպվում է նավերով շրջագայություն, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են Բոսֆորի տարբեր հատվածների, ալիքների եւ քամու ուղղություններին:
Աշխարհի ամենանավատար նեղուցներից մեկը համարվող Բոսֆորը, 1989 թվականից սկսած, տարվա մեջ միայն մի անգամ մի քանի ժամով իր տեղը զիջում է լողորդներին: Հարյուրավոր ուղեւորատար եւ բեռնատար նավեր ստիպված են լինում սպասել միջոցառման ավարտին, որը, մրցույթ լինելուց բացի, աշխարհի ուշադրությունը հրավիրում է 7500 տարվա պատմություն ունեցող նեղուցի եւ նրա երկու ափերին կառուցված Ստամբուլի վրա: Նեղուցի երկարությունը 30 կմ է, բայց լողի մրցույթն անցկացնողները պետք է հաղթահարեն երկու ափերն իրար միացնող հատուկ առանձնացված 6,5 կմ-ը: Մրցույթը դիտելու համար ամեն տարի Ստամբուլ են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ, սակայն այս տարի համավարակի պատճառով այն կայացել է առանց հանդիսատեսի: