ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է արձակել նախապատրաստվելու Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու համար մեղադրվող «Իսլամական պետության» բջիջ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին հարվածներ հասցնելու։
Բայդենն ընդգծել է, որ գրոհի համար պատասխանատուները կհայտնաբերվեն եւ կպատժվեն: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ խորապես ընդունում է իր պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մերձակայքում երկու պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հավաքվել էին օտարերկրացիներ, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ քաղաքացիներ:
Առաջին պայթյունը կազմակերպել էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 103 մարդ, որոնց թվում՝ 13 ամերիկացի զինծառայող: Վիրավորվել է ավելի քան 150 մարդ, որոնց թվում՝ ԱՄՆ 18 զինվորական:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը համարում է, որ գրոհներին մասնակցել է ԻՊ-ի «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում։
Միջազգային մասնակցություն Աֆղանստանի ապագային
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին Քաբուլում իրականացված զարհուրելի ահաբեկչական գրոհից հետո հեռախոսազրույց են ունեցել ընթացիկ հրատապ հարցերի շուրջ։
Նրանք պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Կողմերը նաեւ քննարկել են Աֆղանստանի ապագային միջազգային մասնակցության հարցերը: