Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» ներկայացուցիչները զեկույց են կազմել եւ հրապարակել Թուրքիայի վերջին վեց նախագահների պաշտոնավարման օրոք «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով հարուցված դատական հայցերի վերաբերյալ։
Տվյալների ամփոփումից ակնհայտ է դարձել, որ նախորդ հինգ նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչեւ Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը 1816 է, իսկ միայն Էրդողանի նախագահության շրջանում այդ թիվը արդեն հասել է 38581-ի եւ դեռ աճում է։
Զեկույցը հեղինակած CHP-ի փոխնախագահ Գյուլիզար Քարաջան ներկայացրել է վեց նախագահների կառավարման ժամանակաշրջանում արձանագրված ցուցանիշների աճի համեմատական սանդղակները։ Էրդողանը գերազանցում է բոլորին քաղաքացիների դեմ բացած դատական հայցերի թվով։
Այսպես, կրթությամբ ինժեներ-հիդրոշինարար՝ 1993-2000 թվականներին Թուրքիայի նախագահի, իսկ մինչ այդ՝ 1965-1993 թվականներին, հինգ անգամ ընդհատումներով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սուլեյման Դեմիրելը «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով 158 դատական հայց է ներկայացրել։
Դեմիրելին հաջորդած եւ 2000-2007 թվականներին Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ահմեթ Նեջդեթ Սեզերը, որը մինչ այդ Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահն էր, նույն հոդվածի հատկանիշներով ներկայացրել է 163 դատական հայց։
2014-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ահմեդ Նեդջեթ Սեզերը բացահայտորեն հրաժարվեց քվեարկելուց` պատճառաբանելով, որ չկա այնպիսի մի թեկնածու, որի օգտին կարելի է ի սրտե քվեարկել։
1982-1989 թվականներին Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քենան Էվրենը, որը 1980-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից էր, 2014-ին մեղավոր է ճանաչվել «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար, զրկվել զինվորական կոչումներից եւ դատապարտվել ցմահ ազատազրկման։
Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել է զանգվածային քաղաքական ճնշումներով։ Նրա օրոք ձերբակալվել է 178 հազար մարդ, որոնցից 64 հազարը բանտարկվել է, 30 հազարը զրկվել է քաղաքացիությունից, 450 մարդ մահացել է խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվել է մահապատժի, շատերն էլ անհետ կորել են։ Քենան Էվրենը «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով 340 դատական հայց է ներկայացրել։
1989-1993 թվականներին Թուրքիայի 8-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Թուրգութ Օզալը «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով ներկայացրել է 202 դատական հայց։
«Բարոյականության հարցում մենք պահպանողականներ ենք, տնտեսության հարցում՝ ազատամիտներ, իսկ հասարակական արդարությանը վերաբերող բոլոր հարցերում՝ պրոգրեսիստներ»,- ասել է Օզալը «Հայրենիքի կուսակցություն»-ը բնութագրելիս։
Թուրգութ Օզալի նախագահության ընթացքում ամենանշանակալից իրադարձությունն Իրաքի կողմից Քուվեյթի գրավումն էր։ Ըստ Օզալի՝ Սադամ Հուսեյնը սպառնալիք էր Թուրքիայի համար, ուստի անկեղծորեն աջակցում էր Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։
Թուրքիայի նախկին վարչապետ եւ նախկին արտգործնախարար, 2007-2014 թվականներին Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Աբդուլլահ Գյուլը միակ առաջնորդն է, որը 2008-ին այցելել էր Հայաստան, ինչից հետո ազգայնական թուրքերը նրան «ազգի դավաճան» էին հռչակել։
Նուրբ դիվանագետ Աբդուլլահ Գյուլը «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով ներկայացրել է 848 դատական հայց։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը