Այսօր Թուրքիայի Մալաթիա նահանգում հանդիսավորությամբ բացվել է «Մալաթիայի Ս. Երրորդություն եկեղեցի- Թաշխորան» մշակույթի կենտրոնը, որի վերանորոգման և վերակառուցման համար գումար է հատկացվել շրջանի բյուջեից:
«Ալիք Մեդիա»-ն Պոլսո պատրիարքարանից տեղեկացավ, որ կենտրոնի օծման արարողությանը Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի եւ պատրիարքության պատվիրակության հետ ներկա են եղել Մալաթիայի կուսակալը, Մալաթիայի քաղաքապետը, Մալաթիայի հայերի միության նախագահը եւ այլ պաշտոնյաներ:
Նրանք ելույթ են ունեցել հայկական պատմական եկեղեցին մասամբ մշակութային կենտրոնի վերածելու արարողությանը` հիշեցնելով, որ Մալաթիայի նահանգապետարանը «Սուրբ Երրորդություն» եկեղեցու՝ քաղաքապետարանին պատկանող 429 քմ տարածքը գնել է 20 միլիոն լիրայով, այնուհետեւ գումար ներդրել նորոգման եւ վերաբացման համար: Այս քայլի նպատակը, ըստ թուրքական կառավարիչների, Մալաթիան զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելն է. զբոսաշրջության ծրագրի շրջանակում նորոգվել է եւս երեք պատմական հուշարձան, որոնց թվում՝ 4-րդ դարից մնացած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վանքը:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն այսօրվա իրադարձության առթիվ գրում է. «Այս համալիրի վերանորոգված լինելը Փոքր Ասիայում հայկական վաղեմի ներկայության տեսակետից կարեւոր խորհրդանիշ է։ Քաղաքապետարանն այն նախատեսել է որպես մշակույթի կենտրոն եւ վերանորոգման ծրագիրն էլ կյանքի է կոչել այդ ձեւաչափի մեջ, սակայն ուրախալի է, որ այն հարյուր տոկոսով չի դադարելու սրբավայր լինելուց»:
Պատրիարքարանը եկեղեցում պարբերաբար արարողություններ է կատարելու շրջանում ապրող քչաթիվ հայերի համար: Այժմ քաղաքապետարանը մշակութային կենտրոնի վերածված եկեղեցու մեջ տեղադրել է եկեղեցու տարածքից գտնված հնագույն տապանաքարեր:
Քանի որ եկեղեցին գտնվում է Հրանտ Դինքի ծննդավայրում, ապա արարողության ընթացքում ոգեկոչվեց նաեւ հայտնի հրապարակախոսի հիշատակը:
Օծված եւ նորոգված կենտրոնում վաղը հայոց պատրիարքն առաջին պատարագը կմատուցի:
Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի հայկական «Սուրբ Երրորդություն» (թուրքերեն՝ Թաշխորան) եկեղեցին կառուցվել է շուրջ 3 դար առաջ: Այն մի քանի անգամ քանդվել է հարձակումների, բնական աղետների եւ լքվածության պատճառով, իսկ վերջին տարիներին բազմիցս ենթարկվել է գանձագողության:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։