ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 192 հազար ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի։ Այս մասին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 26-ին Սանահինի վանական համալիր իր այցելության ընթացքում։
Դեռեւս 2019 թվականին պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան Սանահինի արեւելյան մասի հուշարձանախումբը վերականգնելու համար հիմնադրամին էր ներկայացրել ծրագրի նախագիծ։ Այն հավանության էր արժանացել դեսպանության կողմից եւ ստացել 100 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորում։
Նշված գումարով նախատեսված էր վերականգնել երեք հուշարձան։ Արդեն իսկ վերականգնվել է Սուրբ Հարություն եկեղեցին, որի պատերի քարերն իջեցվել են, մաքրվել, հեռացվել են հին շաղախի թուլացած մասերը, ապա համարակալած քարերը նորից դրվել են իրենց տեղերում։ Եկեղեցու համար նաեւ ծածկ է կառուցվել։
Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակի վերականգնում եւ կոնսերվացում է կատարվում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ, Սանահինի արեւելյան մասի վերականգնման ծրագրի ղեկավար Գագիկ Սողոմոնյանը նշեց, որ Սուրբ Հակոբի բեկորները երկրաշարժից հետո օգտագործվել են Ամենափրկիչ եկեղեցում, բայց 30-ից ավելի բեկորներ մնացել ու պահպանվել են, որոնցով լրացվելու է եկեղեցին, եւ փորձելու են պահպանել հուշարձանի նախկին տեքսը։
Նախատեսվում է վերաշարել նաեւ Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանի տակ տեղադրված քարերը եւ ուղղել խաչքարը։ Այստեղ նույնպես, ըստ Գագիկ Սողոմոնյանի, դեռ որոշ անելիքներ կան։
Սանահինի վանական համալիրի վերին հատվածի հուշարձանախմբի վերականգնումն իրականացնում է «Բուրգ 999» ՍՊԸ-ն։ Ընկերության տնօրեն, երկարամյա շինարար Ալիկ Անանյանն ասում է, որ այս գործում շատ է ձեռքի աշխատանքը, եւ նախագծողներն ու շինարարները շատ զգույշ պետք է լինեն, որպեսզի ամրակայման ընթացքում, նոր քարեր տեղադրելով, պահպանեն հնի եւ նորի ներդաշնակությունը։
Վանական համալիրի արեւելյան մասի երեք հուշարձանների վերականգնման աշխատանքներն, ըստ ժամկետների, ավարտվելու են սեպտեմբերին։ Մինչեւ դրանց ավարտը վերականգնող ճարտարապետները նախատեսում են սկսել արդեն երկրորդ փուլի չափագրական ուսումնասիրման աշխատանքները, որից հետո արդեն 2022-ի գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Եվս երկու հուշարձանի վերականգնում ու տարածքի բարեկարգում, եւ համալիրի արեւելյան հատվածի ծրագիրն իրականացված կարելի է համարել, նշում է Գագիկ Սողոմոնյանը։
Աշխատանքների արդեն երկրորդ փուլում ԱՄՆ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է վերականգնել Զաքարյանների եւ Արղությանների դամբարանները։ Վերջինի վնասված մասերը ծածկերն են, որոնք, ըստ ճարտարապետի, ամբողջությամբ փոխվելու են։ Իսկ Զաքարյանների դամբարանի հետ կապված անելիքներն ավելի բարդ են։
«Դժվար է ասել՝ ամբողջովին վերականգնել։ Թե ինչ կարվի, ցույց կտան միայն բեկորների մաքրման եւ պեղման աշխատանքները։ Այսինքն՝ կտեսնենք, թե ինչքան ինֆորմացիա ունենք եւ հետո միայն կարծիք կհայտնենք նախնական տեսքի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ հարյուր տոկոսանոց արդյունք կունենանք, բայց որոշ չափով կամբողջացնենք հուշարձանի ծավալատարածական լուծումը, որ ընթեռնելի լինի մարդկանց։ Հիմա էսպես անհասկանալի է, թե սա ինչ է»,- նշում է վերականգնող ճարտարապետը։
Դեսպան Լին Թրեյսին, գնահատելով հուշարձանների վերականգնման՝ դեռ անցած տարի մեկնարկած աշխատանքները, նկատում է՝ սա գերազանց համագործակցության օրինակ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Համագործակցություն, որի շրջանակում Միացյալ Նահանգները օգնում է պահպանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մի շարք կոթողներ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։