Խորհրդարանի ընտրությունների քարոզարշավին թեթեւակի «առկայծեց» ԼՂ կարգավորման 1998-ի «իշխանափոխությամբ» մսխված հնարավորության թեման եւ քվեարկությունների արդյունքների «տրամաբանությամբ» էլ մարեց:
Մամուլը, հեռուստատեսությունը, կայքերը, սոցիալական ցանցերը վերստին հեղեղված են «Վարդան-Վասակ» պատմական բարդույթի վրա կառուցված «վերլուծություններով» եւ «մեկնաբանություններով»: «Վրեժ եմ ուզում»,- ֆեյսբուքում աղաղակում է Զարուհի Փոստանջյանը՝ համարելով, որ Գորիս-Կապան մայրուղու փակում-վերաբացումը «ստորացում է»: Իսկ Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն արձանագրում է, որ Իլհամ Ալիեւն «անցյալ տարի ճկուն դիվանագիտությամբ հաղթեց Նիկոլ Փաշինյանին եւ շարունակում է հաղթել»:
Այդ ոչինչ, որ Իլհամ Ալիեւը, հորից իշխանություն ժառանգելով, զրոյացրել է նախկին բոլոր պայմանավորվածությունները, բանակցությունները սկսել «մաքուր էջից»: Ոչինչ, որ նա 2010-ին Կազանում փաստորեն խաչ է քաշել «մադրիդյան սկզբունքների» վրա: Ոչինչ, որ շփման գծում 2014-ի հուլիս-օգոստոսից իրավիճակն արդեն պատերազմական էր, ադրբեջանական մամուլը բացեիբաց գրում էր, որ «ոչնչացվել է հակառակորդի եւս մեկ զինծառայող»: Ոչինչ, որ ապրիլյան քառօրյայից հետո, երբ Հայաստանում եւ Արցախում նվաղկոտ հաճույքով օրը մի քանի անգամ Վիեննայի օրակարգի վրա էին հղում անում, թշնամական ԱԳՆ-ն պարզ լեզվով հակադարձում էր. «Ռազմաճակատային գծում միջադեպեր եղել են, կան եւ լինելու են, քանի դեռ Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում են»:
Սրանք հայկական կողմի դիվանագիտական հաղթանակնե՞ր էին: Հաղթանա՞կ էր, երբ Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին շուրջ երկու տասնամյակ գրեթե աղերսում էին կողմերի միջեւ հավասարության նշան չդնել, իսկ նրանք օձի սառնությամբ միայն մի բան էին ասում. «Ստատուս-քվոն անընդունելի է»:
Եթե անցյալ տարի Իլհամ Ալիեւը «ճկուն դիվանագիտություն» է բանեցրել, ապա դրան նախորդել է շուրջ քառորդդարյա տքնաջան, ամենօրյա, ամենժամյա աշխատանք՝ բոլոր ուղղություններով: Եվ ամենուր նա արձանագրել է հաջողություն: Խավիարով, թե «քեշ» գումարով՝ էական չէ: Իսկ մենք ի՞նչ ենք արել: Ոչինչ: Արածի մասին դատում են արդյունքով:
Եթե սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը գոնե արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով չեն դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան, ուրեմն Իլհամ Ալիեւն իր քայլերը նրանց հետ համաձայնեցրել է ամիսներ, գուցե թե տարիներ առաջ: Ասվածն, իհարկե, պատերազմի համար Փաշինյանից պատասխանատվությունը չի հանում: Պետական գործիչը պետք է առաջնորդվեր ոչ թե սեփական ռենոմեն, այլ Արցախը փրկելու, մարդկային կյանքեր խնայելու, կորուստները հնարավորինս նվազ դարձնելու առաջնահերթությամբ: Բայց նա, ինչպես 1998-ից հետո հանրային-քաղաքական ասպարեզ իջած գրեթե բոլորը, իրականությունից խուսափել է, ինչպես սատանան՝ խունկից:
Հայ հանրությունն իր գերակշիռ մեծամասնությամբ դատում է իռացիոնալ հասկացություններով՝ «պատմական արդարություն» եւ «հատուցում» կամ «ագրեսորին պատժել եւ կորուստները փոխհատուցել»: Զարուհի Փոստանջյանի «վրեժ եմ ուզում» աղաղակը՝ ապացույց: Որովհետեւ նա քաջ գիտի, որ ներկա հնարավորություններով Հայաստանը չի կարող Ադրբեջանին պատժել: Բայց սա կես-դժբախտություն է:
Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, ինչ ռուսների մոտ ձեւակերպվում է այսպես՝ и хочется, и колится: Բայց մենք խոստովանելու քաջություն չունենք, ուստի տրվում ենք շրջասության. «Այո՛, խաղաղություն, բայց ի՞նչ գնով»: Քառասունչորսօրյա պատերազմից առաջ «գին» ասելիս նկատի էին առնվում ԼՂ-ն շրջապատող տարածքները՝ ի՞նչ ենք տալիս, ի՞նչ ենք ստանում: Ասես արեւելյան շուկայում խուրմայի գին էինք սակարկում: Հիմա «գործարքի առարկան» չկա, թշնամու ձեռքում է, որին, ի դեպ, երբեք էլ խաղաղություն պետք չի եղել, պետք չէ նաեւ այսօր:
Խաղաղությունը մեզ էր պետք, պետք է հիմա: Այստեղ եւ այս ժամին: Եվ «անկլավների» կամ Սյունիքի երկու գյուղի ադրբեջանական անվանումը բարձրաձայնելու շուրջ տեղեկատվա-քարոզչական մանրաթեփը ոչ մի առարկայական-գործնական նշանակություն չունի: Եթե, իհարկե, դրանով չի հետապնդվում «նոր պատերազմ՝ իշխանափոխության նոր հնարավորություն» նպատակը:
Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասում է, որ երկրի առջեւ մարտահրավերներն ավելի լուրջ են, քան կարելի է ասել այդ ամբիոնից, լրջագույն հետեւություններ պետք է անել: Ոչ թե վերստին իրականությունից փախչել, ինչպես սատանան՝ խունկից:
Ո՞վ է իրավիճակի պատասխանատուն: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական թիմով: Բայց այդ պատասխանատուն, սատանան տանի, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունից կառավարություն ձեւավորելու մանդատ է ստացել: Սա է Հայաստանի իրականությունը: Ինչպես բանաստեղծն է ասում, թե կուզես՝ ոռնա, թե կուզես՝ լռիր:
Բաց թողնված որեւէ հնարավորություն այլեւս չի վերադառնում: Իմպերիա է փլուզվում, իմպերիա է կազմավորվում՝ միլիարդավոր մարդկանց, գերհզոր պետությունների ներգրավմամբ: Ո՞վ ենք մենք, ի՞նչ է ներկայացնելու իրենից Հայաստանը, եթե վաղն, Աստված մի արասցե, ազգերի, քաղաքակրթությունների, կրոնների, դավանանքների եւ աղանդների խառնարան այդ օվկիանոսը հանկարծ փոթորկի իններորդ ալիքի ուժով:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։