Ըստ Nature գիտահանրամատչելի պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Դանիայի հետազոտողների միջազգային խումբը եկել է այն եզրահանգման, որ մազերի գույնի ու կյանքի տեւողության միջեւ համահարաբերակցություն կա:
Նրանք ուսումնասիրել են ավելի քան 200 հազար եվրոպացիների առողջական տվյալներն ու պարզել, որ բաց մազերով մարդիկ ավելի պաշտպանված են տարբեր հիվանդություններից:
Հետազոտության հեղինակների առաջ քաշած վարկածի համաձայն՝ շիկահերների դեպքում սովորաբար սեռական հասունացումն ավելի ուշ է տեղի ունենում, ինչն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունենում մեծահասակների օրգանիզմի վրա:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մազերի գույնին առնչվող գենետիկական հաջորդականությունը կապված է սեռական հասունացման արագությունը որոշող գեների հետ, ուրեմն մազերի գույնի ու կյանքի տեւողության միջեւ հարաբերակցությունը միանգամայն տրամաբանական է:
Գիտական աշխատանքի հեղինակները պնդում են, որ մաշկի ու մազերի գույնի վրա ազդող գեները հիպոֆիզի միջոցով կապված են սեռական հասունացման տարիքից կախված գեների հետ: Հիպոֆիզը, ըստ գիտնականների, պատասխանատու է սեռական հորմոնների արտադրության համար ու կարեւոր է օրգանիզմի սեռական գործառույթների բնականոն աշխատանքի համար։
Մարդիկ, որոնց սեռական հասունությունը համեմատաբար ուշ է տեղի ունեցել, մյուսներից ուշ են ծերանում։ Ակնհայտ է, որ տարիքային հիվանդությունները նույնպես նրանց օրգանիզմում ավելի ուշ են զարգանում։ Շիկահերներն ավելի քիչ են հակված ինֆարկտի ու ինսուլտի եւ ընդհանուր առմամբ ավելի քիչ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններից: