Ամերիկահայ Նաիրի Կրաֆյանը մանկուց շատ կապված է եղել իր շան՝ Չորեգի հետ։ Աղջկա մայրը երկար ժամանակ հիվանդության պատճառով տնից բացակայել է, իսկ այդ դժվարին ժամանակահատվածում հենց չորքոտանի ընկերոջ ջերմությունն ու ներկայությունն է օգնել նրան հաղթահարելու հոգեբանական ծանր վիճակը։
Նաիրին սեփական փորձով է հասկացել մարդ-շուն կապի կարեւորությունը, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ, տեսնելով բնակիչների եւ շների «լարված» հարաբերությունն ու թափառական շների վիճակը, որոշել է քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար։
Այդպես Նաիրին հիմնադրել է «Օգնուշուն» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության անվանումը «օգնություն» եւ «շուն» բառերի համադրությունն է, իսկ նպատակն է աջակցել խոցելի շներին եւ երիտասարդներին շան աջակցությամբ կատարվող միջամտություններով: «Օգնուշուն» ՀԿ-ի հիմնական գործառույթը թերապիայի շան ծառայությունն է, որ կազմակերպությունը մատուցում է անվճար՝ բարեգործական հիմունքով։
Ի՞նչ է շան/կենդանու աջակցությամբ կատարվող միջամտություն-թերապիան
Կենդանիների օգնությամբ կատարվող բուժում-միջամտությունը կիրառվել է դեռ վաղ ժամանակներից՝ Ք.ա. մոտ 600-ականներից, երբ հույները ձիերին օգտագործում էին որպես թերապեւտիկ կենդանիներ։ Նկատել էին, որ ձիերի հետ շփումը բարձրացնում է հիվանդների տրամադրությունը։ Կենդանիների օժանդակ թերապիան կարող է օգնել նվազեցնելու ձանձրույթն ու միայնության զգացողությունը, բարելավելու տրամադրությունը, հարմարավետության զգացողություն պարգեւելու, զբոսանքների եւ խաղերի միջոցով բարձրացնելու շարժունակությունն ու ակտիվությունը եւ այլն։
Կենդանիների հետ դրական փոխազդեցությունները կարող են հանգեցնել սթրեսի նվազեցման եւ ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված մտավոր եւ հուզական վիճակի։
Այդ մասին են վկայում բազմաթիվ ուսումնասիրություններ եւ հետազոտություններ։ Օրինակ՝ 2019-ի ուսումնասիրությունը պարզել է, որ թերապեւտիկ շների օգտագործումը դեռահասների մոտ բարելավում է հոգեկան առողջության բուժման արդյունավետությունը։ Իսկ կենդանուն շոյելու պարզ գործողությունը նպաստում է հորմոնների՝ սերոտոնինի, պրոլակտինի եւ օքսիտոցինի արտազատման, որոնք կարող են դեր խաղալ տրամադրության բարձրացման եւ անհանգստության նվազեցման գործում:
Օգնելով շներին՝ օգնել մարդկանց
Եվ եթե աշխարհում կան բազմաթիվ կենդանիների օժանդակ թերապիա մատուցող կազմակերպություններ, ապա «Օգնուշուն»-ը Հայաստանում առաջին եւ շան միջամտություն մատուցող դեռեւս միակ հավաստագրված կազմակերպությունն է։ «Օգնուշուն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Դիլանյանը պատմում է, որ կազմակերպության գործունեության նպատակը շան թերապիայի սեսիաներ մատուցելն է թիրախում գտնվող մարդկանց համար, ովքեր ունեն հոգեբանական աջակցության, հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներ։ «Ավելի հասկանալի եթե ձեւակերպեմ, ապա հոգեբանական սեսիաներ են, ուղղակի հոգեբանի փոխարեն շուն է հանդես գալիս»,- ասում է Աննան։
Ընկերության մեկ այլ կարեւոր գործառույթ Հայաստանում շուն-մարդ կապի բարելավումն է ու մարդկանց մեջ «որդեգրի՛ր, ոչ թե գնի՛ր» կոնցեպտը սերմանելը։ Բանն այն է, որ կենդանիների ապաստաններում հայտնված շունիկներն էլ ունեն ընտանիքի եւ տան կարիք։
«Մեր ֆեյսբուքյան էջի միջոցով բարձրաձայնում ենք այդ խնդրի մասին, որ ավելի լավ է որդեգրել, ինչ-որ մեկին ուրախացնել, ինչով էլ օգուտ կտան թե՛ պետությանը, թե՛ կենդանուն»,- ասում է Աննան։
Իսկ «որդեգրի՛ր, ոչ թե գնի՛ր»-ի լավագույն օրինակն էլ մատուցում է հենց «Օգնուշուն»-ը։ Իրենց թիմի ամենակարեւոր անդամը՝ Դոբբին, որդեգրված շունիկ է, նրան չեն գնել, հատուկ եւ թանկարժեք ցեղատեսակի չէ, բայց նույնքան ունակ եւ խելացի է։ Թիմի անդամներից շատերն են «Հարի Փոթեր»-ի մասին պատմող գրքերի եւ ֆիլմերի սիրահար, այդ պատճառով էլ շանը անվանել են «Դոբբի» ի պատիվ մանկական գրքերի շարքի հերոսներից մեկի, ով, ինչպես եւ որդեգրված շունը, համարձակ էր, բարի, ընկերասեր եւ հավատարիմ։ Դոբբին Հայաստանի բոլոր փողոցային շների դեսպանն է եւ օրինակը, որ եթե փողոցում ապրող կենդանիներին էլ խնամքով եւ սիրով շրջապատես, նրանք էլ ոչնչով չեն տարբերվի խանութներում վաճառվող շներից։
Դոբբին Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ սերտիֆիկացված թերապիայի շունն է։ Նա եւ իր ուղեկցորդը՝ Հրաչ Ասատրյանը, տասներեք ամիս տեւող վարժանքներից հետո ԱՄՆ-ում քննություններ են հանձնել եւ հավաստագրում ստացել։ Իսկ հետո սկսել են իրենց այցերը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Ջերմիկ անկյուն» խմբային տուն։ Տան բնակիչները սկսում են խաղալ Դոբբիի հետ, սիրել, շոյել, զբոսանքի գնալ Հրաչի ուղեկցությամբ։ Դա նրանց մոտ հոգեբանական զգացմունքներ է առաջացնում, օրինակ՝ կապվածություն, սեր, կարոտ։
«Չեք կարող պատկերացնել, թե ինչպես են «Ջերմիկ անկյան» բնակիչները ոգեւորված դիմավորում Դոբբիին, ինչպես են խաղում շան հետ, բարձր ծիծաղում»,- պատմում է Աննան։
Տան բնակիչները շատ են կապվել շան հետ, այցելություններից մեկի ժամանակ էլ իրենց ձեռքով պատրաստած նվեր են տվել չորքոտանի ընկերոջը։ Իսկ Առինջի «Ջերմիկ անկյան» խնամակալներից Սոնա Գրիգորյանն ասել է, որ Դոբբի շնորհիվ բնակիչները սովորում են սիրել ու հոգ տանել ուրիշի մասին։