Շիրակի մարզում գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով ամսվա կտրվածքով մայրաքաղաք է ուղեգրվում միջինը երկու տասնյակ հիվանդ։ Հետազոտվողը, բացի ֆինանսական հավելյալ ծախսերից, ստիպված հաղթահարում է նաեւ 120 կիլոմետր ճանապարհ ու հոգեբանական դժվարություններ։
«Այսուհետեւ ոչ թե հիվանդը առողջապահություն կորոնի մայրաքաղաքում, այլ առողջապահությունը կգա մարզ»,- այս մասին հայտարարեց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը։
«Գյումրու բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Շնորհիվ նոր սարքավորման հիվանդների մոտ ավելի վաղ կհայտնաբերվեն օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, կկատարվեն պտղի դոպլեր հետազոտություններ։
Նոր սարքավորումը կծառայի ոչ միայն հղիներին, այլ նաեւ օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց։ Մարզում կմեծանան նաեւ անպտղության բուժման նոր ու արդյունավետ հնարավորությունները։
«Ար․ Մեդտեխնիկա» բժշկակական սարքավորումներ ներմուծող ընկերության տնօրեն Նունե Անդրեասյանը վստահեցրեց, որ սարքը անհամեմատելի արդյունավետություն կապահովի, քան նախորդ սերունդների նույնանման արքավորումները։ Մինչեւ եկող տարվա սկիզբը ընկերությունը համակարգը «Գյումրու բժշկական կենտրոն»-ին տրամադրել է անհատույց։ Հունվարին հիվանդանոցը կգնի այն՝ նախնական 95 հազարի փոխարեն մոտ 60 հազար եվրո վճարելով։
Թեեւ գերժամանակակից համակարգը գրեթե 100 տոկոսի է հասցնում ախտորոշման ճշգրտությունը, սակայն դա բավարար չէ լիարժեք արդյունք ունենալու համար,- նշեց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը։ Մարզում մասնագետների պակասը լրացնելու նպատակով ամեն շաբաթ Գյումրի կժամանեն մայրաքաղաքի լավագույն բժիշկները, կիրականացնեն մինչ այժմ մարզերում երբեւէ չկատարած վիրահատություններ։
«Պատերազմից հետո մեզ շատ անհրաժեշտ է մասնահատուկ կերպով խրախուսել ծնելիության աճը, իսկ այսպիսի համալրումները թույլ են տալիս, որ կինն իրեն ապահով ձեռքերում զգա»,- ասաց Իսահակյանը՝ հույս հայտնելով, որ ծննդօգնությունը կբարելավվի։
«Գյումրու բժշկական կենտրոնի» եւ «Ար․ Մեդտեխնիկա» բժշկակական սարքավորումներ ներմուծող ընկերության համագործակցության շնորհիվ ծննդաբերական բաժանմունքը եկող շաբաթ կհամալրվի եւս մեկ՝ կրծքագեղձը հետազոտող սքրինինգային սարքով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։