Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ԱՄՆ-ում նոր ախտահարումների թվի ավելացմամբ պայմանավորված՝ Եվրամիությունը մտադիր է վերականգնել Միացյալ Նահանգներից ժամանողների նկատմամբ նախկինում սահմանված եւ հետագայում մեղմացված արգելքները:
Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 30-ին Եվրամիության կազմած՝ կորոնավիրուսի առումով «ապահով երկրների» ցանկից Միացյալ Նահանգներին դուրս հանելու որոշում կընդունվի:
Դրա հետեւանքով ԱՄՆ-ից Եվրամիություն ժամանող մարդիկ ստիպված կլինեն պահպանել կարանտինային ռեժիմն ու լրացուցիչ ստուգումներ անցնել:
Եվրամիության երկրների մեծ մասը ԱՄՆ-ից ժամանողների համար հուլիսին բացել էր սահմանները, սակայն մի շարք պետություններ պահանջում են կա՛մ ամբողջական պատվաստման վկայագիր, կա՛մ տեղեկանք կորոնավիրուսով վարակվելու եւ ապաքինվելու մասին:
Եվրամիության հնարավոր որոշումը նաեւ փոխադարձության սկզբունքի տրամաբանության մեջ է: Բանն այն է, որ հակառակ ԵՄ պահանջներին՝ ԱՄՆ-ը կորոնավիրուսի համավարակի դանդաղ հաղթահարման պատճառով եվրոպացիների անարգել մուտքի հնարավորություն առայժմ չի շտապում տալ: Առայժմ ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք ԱՄՆ պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրերի ընթացքում գտնվել են, նաեւ տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում՝ Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստան, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա: