Արցախում 44-օրյա պատերազմի օրերին անհետացած 81-ամյա բժիշկ Վլադիմիր Լալայանի դուստրը համոզված է, որ իր հայրը ողջ է: Վլադիմիր Լալայանն անհետացել է Կովսականից: «Պատերազմի օրերին նրան նույնպես առաջարկել են դուրս գալ Կովսականից, միանալ տարհանվողների խմբին, համաձայնել է, բայց հետո որոշել է իր փաստաթղթերը վերցնել այն տնից, որտեղ մնում էր: Հետ է գնացել, եւ հոկտեմբերի 20-ից մենք այլեւս ոչ մի լուր չունենք նրանից»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է դուստրը՝ բժշկուհի Եսթեր Լալայանը:
Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Լալայանը դեռեւս պատերազմից առաջ Արցախ էր այցելել՝ բարեկամների, ընկերների հետ թոշակառուի խաղաղ օրերն անցկացնելու, նաեւ մասնագիտական փորձն էր փոխանցում տեղի բժիշկներին: ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ է, նյարդաբան: Բժշկի երկարամյա ուղի անցած, մի քանի քաղաքներում աշխատած եւ պարգեւների արժանացած բժիշկը Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցում միշտ էլ սպասված հյուր էր:
Կովսականի՝ այդ ժամանակվա քաղաքապետ Սուրեն Քարամյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ ինքն է անձամբ օգնել, որ բժիշկ Լալայանը հոկտեմբերի 18-ին դուրս գա Կովսականից, տարհանվողների խմբի հետ նույնիսկ մինչեւ Կապան է հասցրել նրան, հաջորդ օրը նա մի այլ մեքենայով փաստաթղթերի հետեւից Կովսական է գնացել` տեղեկանալով, որ ադրբեջանցիները դեռ Կովսական չեն հասել:
«Ինձ համար հանելուկ է մնում, թե ուր անհետացավ բժիշկը: Երբ Կապանից Կովսական թղթերի հետեւից է գնացել, նրան Կովսականում տեսնող է եղել, բայց հետո չի երեւացել։ Հակասական մի քանի բան են ասում, բայց ես այդպես էլ չգիտեմ՝ որն է ճիշտ, մի բան գիտեմ, որ հաստատ այնտեղ է մնացել: Կովսականում մնացած վերջին մի քանի հոգուն նա ասել է՝ դուք գնացեք, ես իրերս հավաքեմ, մարդ գտնեմ, որ տեղափոխի, ու գամ: Նրա հարցով տարբեր կազմակերպություններ են զբաղվում, քննչականն է զբաղվում, բայց դեռեւս ոչ մի հստակ տեղեկություն չկա»,- ավելացնում է Սուրեն Քարամյանը:
2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կովսականն իրենց հսկողության տակ վերցնելու մասին:
Վլադիմիր Լալայանը այդտեղից անհետացած միակ մարդն է: 44-օրյա պատերազմում Կովսականը հինգ զոհ է ունեցել, վերջինի մարմինը օրեր առաջ են գտել: Կովսականի մոտ 800 բնակչից յոթ ընտանիք Արցախի տարբեր շրջաններում է, մնացածը՝ Հայաստանում: Սուրեն Քարամյանը մեզ հետ զրույցում նաեւ նշում է, որ բժշկին Կովսականում շատերն էին ճանաչում, նա հիվանդանոցում էր նույնիսկ պատերազմի օրերին:
Բժիշկ Լալայանի դուստրը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել թե՛ Կապանում, թե՛ Արցախում, սեփական հետաքննությունն է անում՝ հորը հայտնաբերելու ուղղությամբ: Ստացված որոշ տվյալներ նա չի ուզում հրապարակել, քանի դեռ գործը քննվում է, սակայն նշում է, որ հուշումներ կան, թե հայրը ողջ է: Եսթեր Լալայանը նախ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին է դիմել՝ ՌԴ քաղաքացուն վերադարձնելու հարցով: Ասում է, որ ՌԴ եւ ՀՀ իրավասու բոլոր կառույցները տեղյակ են Վլադիմիր Լալայանի անհետացման մասին, նրան հայտնաբերելու եւ վերադարձնելու աշխատանքները ոչ մի օր չեն դադարում, սակայն տարեց մարդու անհետացումից տասը ամիս անց ընտանիքն արդեն անհանգիստ է:
«Իմ հայրը 81 տարեկան է, հաշմանդամ, նրա առողջությունն արդեն չի ների՝ այդքան երկար գերության մեջ մնալու համար: Մենք տասը ամիս է՝ պահանջում ենք, որ Ադրբեջանը գոնե հաստատի կամ հերքի իրենց մոտ լինելը եւ առաջնային վերադարձնի իբրեւ խոցելի խմբում գտնվող գերեվարվածի»:
Հայ գերիների հարցերով զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանն «Ալիք Մեդիա»-ին ասում է, որ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց բազմաթիվ դիմումներին` Ադրբեջանը Վլադիմիր Լալայանի՝ իրենց մոտ լինելու մասին տեղեկություններին չի արձագանքել: Վլադիմիր Լալայանի անունը այն գերիների ցուցակում է, որոնց գերեվարության մասին հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի: Ադրբեջանն այս պահին միայն 45 գերեվարվածի անուն է նշում, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված հայի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։
Եսթեր Լալայանը մեզ հետ զրույցում ասում է, թե հայրն իր ամբողջ կյանքը նվիրել է հիվանդների, կարիքավորների բուժմանը, չի հարցրել նույնիսկ ազգություն, սակայն այսօր ինքն ունի խնամքի եւ օգնության կարիք:
«Հայրս երբեք մարդկանց չի բաժանել ըստ ազգության, կրոնի կամ հարստության: Նա ժողովրդի բժիշկ էր: Բազմաթիվ կյանքեր է փրկել Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում: Մեր ընտանիքի կյանքում մի հատկանշական դեպք կա. երբ փոքր էի, շատ էինք այցելում Ադրբեջանի Խանլարի շրջան: Այնտեղ հորս լավ էին ճանաչում, քանի որ նա այդ ուղեւորությունների ընթացքում մարդկանց էր բուժում: Մի անգամ հայրս այնտեղ վիրահատեց անտառապահ Քերօղլու Մամեդովին: Եվ մենք ամեն ամառ այցելում էինք նրանց ընտանիքին: Անտառապահն ապրեց երկար տարիներ, մինչեւ խոր ծերություն: Այդպիսի մարդիկ շատ էին, իսկ հիմա պարզվում է, որ հորս ոչ ոք չի՞ կարող օգնել»,- հուզվում է դուստրը:
Ըստ նրա` հայրը տիրապետում էր մի քանի լեզվի, խոսում էր հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն, նույնիսկ պարսկերեն: Հարազատներն ամբողջ այս ընթացքում հույսեր են փայփայել, որ հոր բանիմացությունը, տարիքը, նաեւ անցած ուղին հաշվի առնելով` նրան տանջած չեն լինի:
Վլադիմիր Լալայանը նույնիսկ գիրք է գրել եւ իր ծննդավայրի՝ Վրաստանի Դեդոփլիսծղարո (Ծիթելի Ծղարո) շրջանի Սաբաթլո գյուղի անունն է ընտրել իբրեւ խորագիր: Գրքում նա նկարագրել է կողք կողքի ապրող ժողովուրդների բարեկամությունը եւ այն զգացումները, որ նրանք ունենում են խաղաղության ժամանակ:
Օգոստոսի 30-ը ՄԱԿ-ը նշում է իբրեւ բռնի անհետացումների միջազգային օր՝ ուշադրություն հրավիրելով բռնի կերպով անհետացածների եւ նրանց սպասող հարազատների իրավունքների վրա: Այսօր մեկ անգամ եւս միջազգային կառույցները նշել են, որ անհետացածների շարքում խոցելի են հատկապես երեխաները, ծերերը, կանայք, հաշմանդամները: ՄԱԿ-ը հայտարարում է, որ աշխարհի 85 երկրում հարյուր հազարավոր մարդիկ կան, որ անհետացել են հակամարտությունների, բռնաճնշումների, ազգամիջյան կոնֆլիկտների հետեւանքով:
Պաշտոնական Երեւանն այսօր նույնպես անդրադարձել է բռնի անհետացումների թեմային՝ միջազգային կառույցներին կոչ անելով ակտիվացնելու ճնշումը Բաքվի վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար եւ անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։